Արևմտյան լրագրողներն այսօր Լավրովին խնդրել են հանգստացնել միջազգային հանրությանը և ասել, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել։
Լավրովը նախ ասել է, թե Ռուսաստանի ռազմական դոկտրինում նշված է, որ Մոսկվան միջուկային զենք առաջինը չի կարող կիրառել` միևնույն ժամանակ ակնարկելով, թե Ռուսաստանին կարող են ստիպել դիմել այդ քայլին։
«Մենք թույլ չենք տա` որևէ սադրանք մեզ հանի հավասարակշռությունից, սակայն եթե նրանք սկսեն իրական պատերազմ սանձազերծել մեր դեմ, ապա նրանք, ովքեր նման ծրագրեր են մշակում, հավանաբար պետք է մտածեն», - ասել է նա։
Մինչ Ուկրաինայում ութերորդ օրը հրթիռակոծվում են բոլոր խոշոր քաղաքներն, այդ թվում` բնակելի շենքերը, ու ռուսական զենքից զոհվում է խաղաղ բնակչությունը, ներառյալ երեխաներ, Ռուսաստանի արտգործնախարարը կատարվածի մեջ մեղադրում է Արևմուտքին, առաջին հերթին Միացյալ Նահանգներին` հայտարարելով, թե տարիներ շարունակ Մոսկվային չեն լսել, Մոսկվայի շահերի հետ հաշվի չեն նստել, դրա համար էլ այսօր տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, և հարվածելով Ուկրաինային` Ռուսաստանն ապահովում է իր անվտանգությունը, քանի որ համարում է, թե «Վաշինգտոնի ճնշման տակ գտնվող հրեա Զելենսկիի վարած նացիստական քաղաքականությունը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը»։
Լավրովն այսօր ընդհանրապես կոշտ հայտարարություններ է արել արևմտյան գրեթե բոլոր երկրների և առաջնորդների հասցեին, օրինակ` ասել է, թե Ֆրանսիայի վարչապետն «աքլորանում է»: Ամեն դեպքում Լավրովն այսօր նաև հայտարարել է, թե առաջիկա ժամերին բանակցությունների երկրորդ փուլը պետք է մեկնարկի, և վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը կգտնվի, հավելելով՝ Ռուսաստանի պայմանները նվազագույն են։
«Իհարկե, լուծում կգտնվի, ես չեմ կասկածում: Այն պայմանները, որոնք մեզ համար նվազագույն են, հայտնի են, դրանք քննարկվում են, այդ թվում՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես Գոմելում էր, այնպես էլ պետք է լինի այսօր»:
Օտարերկրյա լրագրողների հարցերին պատասխանելիս Ռուսաստանի արտգործնախարարը սրա հետ մեկտեղ ընդգծել է, թե չնայած բանակցություններին` ռազմական գործողությունը շարունակվում է, քանի որ նրա խոսքով` Ուկրաինայի ապառազմականացումը պետք է ավարտին հասցնել, որպեսզի այդ երկրի տարածքում չլինի Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող ռազմական ենթակառուցվածք։
Միևնույն ժամանակ արևտմյան պատժամիջոցների ցանկում հայտնված արտգործնախարարը պնդել է այսօր, թե Մոսկվան նպատակ չունի օկուպացնել Ուկրաինան, և այդ երկրի իշխանություններին պետք է ընտրեն այդ երկրում ապրող բոլոր քաղաքացիները։
Վերլուծաբանները դժվարանում են ենթադրել, թե հետպատերազմյան զարգացումների ինչ սցենար է մշակել Մոսկվան Ուկրաինայի համար։
Ու մինչ արևմտյան երկրները ամեն օր աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ` կործանարար հարվածներ հասցնելով երկրի տնտեսությանը և էլ ավելի մեկուսացնելով Ռուսաստանն աշխարհից, Լավրովը պնդում է, թե Ռուսաստանն իրեն միայնակ չի զգում։ Ավելին, նրա խոսքով` Ռուսաստանում հասկանում են, որ շատ երկրներ, գտնվելով Արևմուտքի, ավելի կոնկրետ Միացյալ Նահանգների ճնշման տակ, չեն կարող հրապարակավ խոսել ՌԴ-ին աջակցելու մասին, և ընդհանրապես ամեն ինչում Վաշինգտոնն է մեղավոր, որ չի կարող ընդունել Ռուսաստանի արդար պահանջը` ունենալ հավասար իրավունքներ միջազգային ասպարեզում։
Եվ ի դեպ, Պուտինի մասին հարցին պատասխանելիս Լավրովն այսօր հերքել է տարածված կարծիքը, թե երկրի նախագահը մեկուսացված է բոլորից և երկիրը ղեկավարում է բունկերից, ասելով, թե գոնե շաբաթը մեկ անգամ Պուտինը հանդիպում է Անվտանգության խորհրդի անդամների հետ: