Մատչելիության հղումներ

Գործադիրից հայտնում են՝ թանկացումից հետո, հաջորդ 10 տարիներին հնարավոր կլինի գազի գինը կայուն պահել


Ապրիլի 1-ից սպասվող գազի թանկացումից հետո, հաջորդող տասը տարիների ընթացքում հնարավոր կլինի կապույտ վառելիքի գինը կայուն պահել, հայտարարում է կառավարությունը։

«Ազատության» հարցմանն ի պատասխան գործադիրից մանրամասնում են՝ եթե այդ ընթացքում ռուսական կողմն, այդուհանդերձ, որոշի թանկացնել կապույտ վառելիքը, ապա չեն գործի գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ մյուս պայմանավորվածությունները՝ մասնավորապես, «Գազպրոմ»-ին ավելի վաղ կատարած ներդրումների դիմաց տարեկան 32 միլիոն դոլար վճարելու որոշումը։

Տարեվերջին կառավարությունը հայտնեց՝ չկատարված պարտավորությունների պատճառով «Գազպրոմ»-ին 10 տարի ժամկետով տարեկան շուրջ 32 միլիոն դոլար է տրամադրելու, քանի որ ռուսական ընկերությանը պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկի կառուցման համար ներդրված միջոցները չեն վերադարձվել։ Փաստորեն, ըստ գործադիրի, այս պայմանավորվածությունը չի գործի, եթե առաջիկա տասը տարիներին ռուսական կողմը Հայաստանին մատակարարվող գազը թանկացնի։

«Ազատությանը» տրամադրած գրավոր պատասխանում իշխանությունը Ռուսաստանի հետ այս պայմանավորվածությունները դրական ու արդյունավետ և Հայաստանի համար շահեկան է գնահատում։ Ապրիլի 1-ից սպասվող գազի թանկացման պատճառն էլ գնի հաշվարկի նոր բանաձևի կիրառումն է ,գազի որակից՝ ջերմատվությունից կախված գինը փոփոխվելու է։

Տնտեսագետներն ահազանգում են՝ գազի սակագների բարձրացումը կհանգեցնի էլ ավելի բարձր գնաճի

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բոլոր բաժանորդների համար միասնական՝ 135.9 դրամ դարձնել սակագինը, եթե ընկերության հայտն ընդունվի գազը ավելի քան 30 տոկոսով կթանկանա անապահով բաժանորդների համար։ Տնտեսագետներն ու սպառողների շահերի պաշտպանները ահազանգում են՝ հոսանքի ու ջրի թանկացումից հետո գազի սակագների բարձրացումն իր հերթին կհանգեցնի էլ ավելի բարձր գնաճի, սոցիալական խնդիրների սրացման:

«Այս ծառայությունների թանկացումը, հետն էլ այն դեպքում, երբ դրան նախորդել է ջուրը և հատկապես էլեկտրաէներգիան, անխուսափելի է և ունենալու է էֆեկտներ, շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե պետությունը սա կառավարելու համար ինչ քայլեր է ձեռնարկում», - ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Իշխանությունները խոստանում են՝ այժմ մեկ խորանարդ մետրի գազի դիմաց 100 դրամ վճարող անապահովների համար գազը չի թանկանա, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ գազի թանկացումը չի կարող չազդել անապահովների և մյուս խմբերի քաղաքացիների վրա, քանի որ ի վերջո հենց բնակիչներն են թանկացած ապրանքների համար ավելի շատ ծախսելու։

«Նմանատիպ ոլորտների գնի թանկացումն ունի ինչպես ուղիղ, այնպես անուղղակի ազդեցություն մարդկանց կյանքի վրա, որովհետև չի կարող հաց արտադրողի համար գազի գինը թանկանա, և դա ազդեցություն չունենա հացի գնի վրա, չի կարա ջերմոցային տնտեսությունների համար գազի գինը թանկանա, և դա ուղիղ ազդեցություն չունենա մնացած ապրանքների վրա: Այսինքն այս պահին մեկից բեռը վերցնել տալ մյուսին, ի վերջո այդ ամեն ինքը պտտվում է և վերադառնում սպառողին», - նշեց նա:

Բոլոր բաժանորդների համար միասնական սակագին սահմանելու հայտ «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել էր նաև 2020-ին, կարգավորող հանձնաժողովը, սակայն, որոշել էր բնակիչ-սպառողների համար գինն անփոփոխ թողել։ «Գազպրոմ»-ի այս նոր հայտը այժմ ուսումնասիրում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Կառույցից ասում են՝ իրենք էլ իրենց հաշվարկները կներկայացնեն։

XS
SM
MD
LG