Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ի մոտեցումն է, որ «անապահով ընտանիքները կոմունալ ծառայությունների համար ավելի քիչ պետք է վճարեն»


Սակագները վերանայելու, խոցելի խմբերի համար գազն ավելի քան 30 տոկոսով թանկացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտն ուսումնասիրող Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից (ՀԾԿՀ) հայտնում են՝ իրենց քաղաքականության համաձայն սոցիալապես անապահովները կոմունալ ծառայությունների համար ավելի քիչ պետք է վճարեն:

«Հանձնաժողովի մոտեցումն է սպառողական խմբերի տարանջատումը. վերը նշված անապահով ընտանիքների համար և մնացած այլ խմբերի համար մոտեցումն է տարանջատված սակագնի սահմանումը», - ասաց ՀԾԿՀ խոսնակ Լիանա Ազիզյանը:

Ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ն անցած շաբաթ գազի սակագները միջինում 6 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել կարգավորող հանձնաժողով. ընկերությունն առաջարկում է բոլոր խմբերի սպառողների համար միասնական սակագին սահմանել՝ 8500 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում 135.6 դրամ մեկ խորանարդ մետրի համար, եթե ջերմատվությունն ավելի բարձր կամ ցածր լինի, գինը նույն համամասնությամբ կփոխվի։ Ընկերությունն առաջարկում է գազն ավելի քան 30 տոկոսով թանկացնել անապահով բաժանորդների համար, սովորական սպառողների համար 139 դրամ սակագինն է գործում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գազի գնի շուրջ գլխավոր բանակցողներից է, երեկ խորհրդարանական ամբիոնից խոստացավ՝ անապահովների համար գազը չի թանկանա։ Բայց թե «Գազպրոմ»-ի հայտը բավարարելու դեպքում ինչպես կփոխհատուցեն անապահով խավին՝ արդյոք սուբսիդավորում կտրամադրեն կամ այլ ճանապարհ կփնտրեն, և՛ փոխվարչապետը, և՛ կարգավորող հանձնաժողովը առայժմ չեն բացահայտում։

«Կալորիականությունից ելնելով առաջարկ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և դոգմատիկ չի, որ այդ հայտն ընդունվելու է կամ ընդունվի այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու», -նշեց Գրիգորյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խոսնակ Լիանա Ազիզյանը պարզաբանում է՝ իրենց մոտեցումն այն է, որ անապահովների կոմունալ ծախսերը մյուս բաժանորդներից տարանջատված պետք է լինի, ընդգծում է՝ տարբեր խմբերի սակագների որոշումն ու հաստատումը միայն իրենց գործառույթն է: Հանձնաժողովը 80 օր ժամանակ ունի «Գազպրոմ»-ի հայտի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

«Հնարավոր է մինչև 80 օր լինի և մինչև ապրիլի 1-ը հանձնաժողովը, կարծում եմ, պիտի որ այդ ուսումնասիրությունները անի», - նշեց Ազիզյանը:

Ռուսական ընկերությունը գազի միասնական գին սահմանելու հայտ նաև 2020 թվականին էր ներկայացրել, ՀԾԿՀ-ն որոշել էր բնակչության համար սակագներն անփոփոխ թողնել, սակայն կապույտ վառելիքը թանկացավ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառող բաժանորդների, բիզնեսի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-ռուսական ավելի քան երկու տարի տևած գազային բանակցությունների արդյունքում որոշվել է ապրիլի 1-ից սահմանին կիրառել գազի գնի ճշգրտման մեխանիզմը։ Սա նշանակում է, որ ջերմատվությամբ՝ կալորիականությամբ պայմանավորված գինը կփոփոխվի, ավելի որակյալ գազի համար Հայաստանն ավելի շատ կվճարի։ Ըստ էության, նույն «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության հետևանքով՝ անցած ամիս հանձնաժողովը որոշեց միջինը 4.7 դրամով թանկացնել էլեկտրաէներգիան, պատճառը ռուսական կողմի նկատմամբ Հայաստանի չկատարված պարտավորություններն են։

«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի համար ներդրված գումարը չվերադարձնելու պատճառով փետրվարի 1-ից սկսած տասը տարի ժամկետով Հայաստանը «Գազպրոմ»-ին տարեկան շուրջ 32 միլիոն դոլար պետք է տրամադրի։ Ու մինչ փորձագետներն ու ընդդիմությունը ահազանգում են, որ գազի, հոսանքի, ջրի սակագների բարձրացման անխուսափելի հետևանքը կլինի էլ ավելի բարձր գնաճը, Հայաստանի իշխանությունները հիշեցնում են՝ նույնը տեղի է ունենում ողջ աշխարհում և հատկապես այն երկրներում, որտեղ գազը չորս անգամ ավելի թանկ է։

XS
SM
MD
LG