Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը թիրախավորել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակելի տները


Ադրբեջանական կողմը երեկ թիրախավորել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակելի տները, Արցախի դատախազությունից հայտնում են, որ հրազենային կրակոցներից վնասել են տների պատերի արտաքին հատվածները, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի տան պատուհանը։

Դեպքի ժամանակ տանը մարդ կար։ 62-ամյա Սերգեյ Գևորգյանը պատմում է՝ կրակոցից վնասվել է երկրորդ հարկի ննջասենյակներից մեկի պատուհանը, ինքն այդ ժամանակ այնտեղ չի եղել։

«Ես վերև չեմ էլի մնում, ներքևի հարկում եմ մնում, ոչ մի բան չի եղել, դատարկ ա եղել, ո՛չ մարդ ա եղել, ո՛չ բան: Երևում ա, որ պուլիմյոտով են խփել», - ներկայացրեց Սերգեյ Գևորգյանը:

Գևորգյանն ասում է՝ ադրբեջանական դիրքերը տանից շատ հեռու չեն, անգամ պարզ տեսանելի են։ Պատերազմից հետո գյուղը երկու մասի է բաժանվել՝ մի կողմում իրենք են, մյուս կողմում՝ ադրբեջանական զինուժը՝ բարձունքին. հրադադարի խախտումները Թաղավարդում սովորական են դարձել։ Գրեթե շաբաթ չկա, որ գյուղը ադրբեջանցիների թիրախում չհայտնվի, անհանգիստ պատմում է պատերազմում միջնեկ որդուն կորցրած թաղավարդցի տղամարդը։

«Շաբաթ ա լինում մի 2-3 անգամ կրակում են, շաբաթ ա լինում ամեն օր են կրակում, նայած էլի», - ասաց Գևորգյանը:

Անապահովության զգացումն է կնոջն ու որդուն ստիպել տեղափոխվել մայրաքաղաք Ստեփանակերտ։ Հիմա գյուղում մենակ է ապրում, մի քանի ամիս է՝ աշխատանք էլ չունի։ Ասում է՝ մեկ տասնյակից ավելի անասունները՝ միակ ապրուստի միջոցը, աշնանն ադրբեջանցիները գողացան, փոխհատուցում էլ չի ստացել. «Անասունները գողացել են տարել, հիմա ոչ մի գործ չեմ անում, տանն եմ»:

Պատերազմի հետևանքով տունն արդեն մի անգամ վնասվել էր, նոր էին սկսել նորոգել։ Արցախի դատախազությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, փոխանցել են նախնական ապացույցները։

Ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար է խախտում հրադադարը, հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտնել է այդ մասին։ Փետրվարին նույն Թաղավարդն ու Կարմիր Շուկա գյուղերն էին կրկին ադրբեջանական թիրախում հայտնվել, կրկին բնակելի տներ էի վնասվել, հունվարին Կարմիր Շուկայում կրակոցներից մեքենա էր այրվել, որը կայանած էր մանկապարտեզի հարևանությամբ։

Փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտակա դիրքում էլ ժամկետային զինծառայող էր վիրավորվել։ Դա պատճառ էր դարձել, որ մի խումբ արցախցիներ Մաղավուզ գյուղի մոտ փակեն Քելբաջար տանող ճանապարհը՝ թույլ չտալով ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան անցումը:

Օրերս էլ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղողի այգիներ էին մտել ու այդտեղ խաղողի վազերն էտող գյուղացիներին դուրս հրավիրել իրենց այգիներից: Խրամորթի համայնքապետը «Ազատությանը» պատմել էր, որ զինված ադրբեջանցիները գյուղացիներին արգելել են այգիները մշակել, և այդ ամենին ականատես են եղել ռուս խաղաղապահները:

Արցախի երեք տասնյակի հասնող համայնքներ պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական դիրքերի թիրախում, շփման գիծը նախկին 200 կիլոմետրից դարձել է 500 կիլոմետր և որոշ տեղերում մոտեցել ընդհուպ մարդկանց տներին։

Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտումների համար։ Երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե Հայաստանի զինուժը «առանց որևէ ակնհայտ պատճառի, հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Թովուզի շրջանի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Այսօր արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը։

Հայկական կողմը Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG