Մատչելիության հղումներ

Ընտրված տարբերակը՝ որևէ կարծիք չհայտնել, նվազ վտանգավոր տարբերակն է. փորձագետ


Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման երկրորդ օրը միջկառավարական խորհրդի նիստ անցկացնող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերը՝ նրանց թվում նաև Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, իրենց ելույթներում տեղի ունեցող իրադարձություններին ուղիղ չանդրադարձան։

Նուրսուլթանում Հայաստանի ղեկավարը ԵՏՄ գործընկերների ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ խոսեց աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրումից, ռուսական հարձակման ի պատասխան ենթադրաբար արևմտյան պատժամիջոցների անխուսափելի ազդեցությունից նաև ԵԱՏՄ երկրների վրա։ Բայց թե ինչո՞ւ է իրավիճակը սրվել, ո՞վ ո՞ւմ նկատմամբ է պատժամիջոցներ սահմանել, ո՞ր արևմտյան երկրներն են Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի նկատմամբ կոշտ սահմանափակումներ կիրառում՝ ոչ մի կոնկրետություն։

Հայաստանի վարչապետի ելույթը հետևեց Ղազախստանի նախագահի այն հայտարարարությանը, թե ԵԱՏՄ-ն հասկանալի պատճառներով անհանգստացած է պատժամիջոցներով և դրանց բացասական ազդեցությամբ անդամ երկրների թե' տնտեսական, թե' ֆինանսական համակարգերի վրա։ Տոկաևը առաջարկել է տնտեսական միջոցների մշակման աշխատանքային խումբ ստեղծել։

«Դուք ճիշտ նկատեցիք, այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ», - նշեց Փաշինյանը։ - «Մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում։ Իհարկե ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա։ Այս առումով մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն, եթե հնարավոր է՝ շրջանցել դրանք՝ իրացնելով համապատասխան քայլեր»։

Ղազախստանի նախագահի հետ առանձին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ-ից խոսեց։ Ղազախստանից ստանալով օգնության խնդրանք՝ հունվարի սկզբին ՀԱՊԿ-ը այդ երկիր խաղաղապահներ ուղարկեց. - «Ցավոք, Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում ենք, որ մեխանիզմը պետք է գործի, սակայն դա, ցավոք, տեղի չունեցավ։ Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է։ Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ, այդ մեխանիզմը կարողացանք գործարկել»։

«Այս պահին չկա տեղեկություն, թե քննարկվում է ՀԱՊԿ ուժեր Ուկրաինա ուղարկելու տարբերակ», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հայաստանի արտգործնախարարությունը ուկրաինական վերջին դեպքերին պաշտոնապես չի արձագանքել, տեսակետ էլ Երևանը մինչև ռուսական հարձակումն էր հայտնել, փոխարտգործնախարարը կրկնել է այդ հայտարարությունը. - «Արտգործնախարարությունը արդեն իսկ հայտնել էր իր դիրքորոշումը։ Հայաստանը միշտ կողմնակից է խաղաղ միջոցներով լուծել հակամարտությունը։ Մեր երկրի պարագայում դա հասկանալի է։ Միևնույն ժամանակ անդրադարձել ենք իրավիճակին՝ հույս հայտնելով, որ իրավիճակը մոտ ապագայում դեռ կարող է լուծվել դիվանագիտության շնորհիվ»։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

«Ընտրված տարբերակը՝ որեւէ կարծիք չհայտնել, նվազ վտանգավոր տարբերակն է, նաև՝ Աևմուտքին չհակադրվելու առումով», - պաշտոնական Երևանի երկօրյա լռությանն անդրադառնալով՝ նկատեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։ -«Ուկրաինան Ղազախստան չէ, ուկրաինական իրադարձություններին մասնակցությունը Հայաստանը չէր մարսի։ Լռություն պահպանելը, կարծում եմ, հնարավորներից միակ ճիշտ տարբերակն է»։

Բայց եթե կոնֆլիկտը երկարի, Հայաստանի վրա, ըստ փորձագետի, հաստատ կլինի ռուսական ճնշում՝ կոնկրետ հայտարարություններ անելու պահանջով։

Է'լ ավելի լայնածավալ գործողությունների պարագայում Արեգ Քոչինյանը չի բացառում, որ ՀԱՊԿ ներգրավվածություն ևս կարող է լինել. - «ՀԱՊԿ-ի ներգրավումը ես միայն մի դեպքում եմ հնարավոր համարում։ Երբ ռազմական գործողությունները վերաճեն իրապես լայնածավալ պատերազմի, և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մոտենա երկաթե վարագույրի տրամաբանությանը, որ Ռուսաստանը դառնա վտարանդի պետություն քաղաքակիրթ աշխարհի համար, այդ պարագայում Ռուսաստանը միարժեքորեն փորձելու է իր դաշնակիցներին ներքաշել էդ կարգավիճակի մեջ, որպեսզի իր ազդեցությունը պահի էդ երկրներում, և որպեսզի դա օգտագործի որպես հնարավորություն նոր ինտերգրման գործընթաց մեկնարկելու ճանապարհին։ Բայց կարծում եմ, դրան ուղղակի չի հասնի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG