Մատչելիության հղումներ

Ռուսական դիվերսիոն ուժերը մտել են Կիև


Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողները Կիևի կենտրոնում, 25-ը փետրվարի, 2022թ.
Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողները Կիևի կենտրոնում, 25-ը փետրվարի, 2022թ.

Ուկրաինա ներխուժելու երկրորդ օրը ռուսական դիվերսիոն խմբերն ու զրահատեխնիկան թափանցել են Կիևի թաղամասերից մեկը։ Այդ մասին պաշտոնապես հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը՝ բնակիչներին կոչ անելով զգուշություն ցուցաբերել, տեղեկություններ փոխանցել հակառակորդի ռազմական տեխնիկայի տեղաշարժի ուղղությունների մասին։

Մայրաքաղաքի հյուսիսային մասում ընկած Օբոլոն թաղամասում, ականատեսների վկայությամբ փողոցներում, շենքերի բակերում ռուսական զրահամեքենաներ կան, կրակոցներ են լսվում։ Ավելի ուշ հաղորդվեց, որ կրակոցները սաստկացել են, լսվել են նաև ուժեղ պայթյունների ձայներ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի ասելով՝ ուկրաինացի զինվորականները Կիևում ռուսական դիվերսիոն մի խումբ են չեզոքացրել, որոնք գրավել էին ուկրաինական զինուժի երկու մեքենաներ, հանդերձավորվել էին ուկրաինական բանակի համազգեստներով ու գրաված մեքենաներով շարժում էին դեպի Կիևի կենտրոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեսանտայիններին կորցնելու լուրը չի հաստատում։

Կիևում առավոտյան տագնապի շչակներ են միացվել, որպեսզի բնակիչները պատսպարվեն թաքստոցներում։ Վաղ առավոտյան հրթիռակոծվել են Կիևի մի շարք ենթակառույցներ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ հակաօդային պաշտպանական համակարգին հաջողվել է երկու հրթիռ ոչնչացնել։

Ռուսաստանը պնդում է, որ Կիևը չի հրթիռակոծել։

Ուկրաինական UNIAN գործակալությունը հաղորդում է, որ Կիևից ընդամենը 6,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիշգորոդ քաղաքի մոտ հրետանու ձայներ են լսվում։ Այդ ուղղությամբ տանկային գրոհի վտանգ կա։ Այսօր առավոտյան ռուսական տանկերն ու զրահամեքենաները դեպի Կիև են շարժվել Իվանկովո ավանից՝ Վիշգորոդը այդ ուղղության վրա է ընկած։ Ուկրաինացիները պայթեցրել են Իվանկովոյի մոտ գտնվող կամուրջը հակառակորդի զրահատեխնիկայի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։

Այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է հրապարակել։ Ըստ այդ հրապարակման՝ ոչնչացվել է 11 զինվորական օդանավակայան, հակաօդային պաշտպանության 14 համակարգ, 5 ռազմական օդանավ, մեկ ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք, 18 տանկ և զրահամեքենա, համազարկային կրակի 7 ռեակտիվ համակարգ, 41 զինվորական մեքենա, 5 մարտական մոտորոնավակ։ 36 ռադիոլոկացիոն կայան, զինված ուժերի կապի կառավարման 13 հանգույցներ։

Սեփական ուժերի կորուստների մասին ռուսական կողմը չի հաղորդում։

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Sky News-ի հարցազրույցում ասել է, որ իրենց գնահատմամբ՝ ռուսաստանցի ավելի քան 450 զինծառայող է զոհվել։

Ուկրաինայի նախագահը այսօր վաղ առավոտյան ասել, որ Ուկրաինան 137 զոհ ունի՝ զինվորականներ ու քաղաքացիական անձինք, 300-ից ավելի վիրավորներ կան։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի ներխուժման հետևանքով առնվազն 25 խաղաղ բնակիչ է զոհվել, 102-ը վիրավորվել են։

XS
SM
MD
LG