Մատչելիության հղումներ

Ուկրաինայից Հայաստան գալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին տարհանելու հարց դեռևս չի քննարկվում


Երկրորդ օրն է շարունակվում է ռուսական հարձակումը Ուկրաինայի դեմ, սակայն պատերազմական այդ երկրից հայրենիք գալ ցանկացող Հայաստանի քաղաքացիներին տարհանելու հարց դեռևս չի քննարկվում՝ մի քանի պատճառներով։

«Հայաստանի կառավարության կողմից հումանիտար աջակցություն, օդանավի առաքում, խնդիրների այլ փաթեթի քննարկում և այլն, այս պահին չի կարող տեղի ունենալ, քանի դեռ էնտեղ իրավիճակը կարգավորված չէ։ Այս պահին Հայաստանի կառավարությունը պետք է ստանա դիվանագիտական ներկայացուցչություններից, տեղերից, սփյուռքի հանձնակատարի գրասենյակից իրական պատկեր, արդյոք կա՞ն դիցուք 20-30 հոգի, որ ուզում են դուրս գան: Երբ որ էդ պատկերն ամբողջովին կունենանք և դա կլինի ոչ միայն զուտ ցանկություն, ոչ միայն հայտարարություն, որ ես ուզում եմ գամ, կունենան պատկեր, այդ ժամանակ կքննարկվի հիմնականում ելքի ճանապարհները: Սա ես ուզում եմ հստակ լինի, բայց Ուկրաինայի տարածքից կամ ՌԴ հարավից Հայաստան տեղափոխվելու օդային ճանապարհով հնարավորությունները սահմանափակ են», - ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը:

Նա նկատում է՝ մի կողմից ցանկացողները քիչ են, մյուս կողմից էլ՝ Ուկրաինայից Հայաստան հասնելու օդային ճանապարհն է փակ։

«Քանի որ բոլորին հայտնի է, որ Ուկրաինայում սահմանափակված է օդային երկաթուղային հաղորդակցությունը, նույնը նաև Ռուսաստանի հարավի օդանավակայաններում, այսինքն այն ռեալ տեղերն են, որտեղից հնարավոր է վերադարձ կատարել հայրենիք, այս պահին դրանց վերաբացումից հետո նոր կարող է խոսք լինել այն ընտանիքների մասին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք: Այս պահին օդանավ ուղարկել հնարավոր չէ, այս պահին ուկրաինական ավիաուղիները չեն աշխատում», - նշեց Ալեքսանյանը:

Ըստ պաշտոնյայի, կա նաև փաստաթղթերի խնդիր։ Ուկրաինայում ապրող 400 հազար հայերի կեսը այդ երկրի քաղաքացի չեն, նրանց փոքր մասը փաստաթղթերի խնդիր ունի, ու մինչև դրանք չլուծվեն, նրանք չեն կարող դուրս գալ երկրից։ Փաստաթղթերը շտկելու հնարավորություն կա, եթե տեղաշարժը սահմանափակված չէ։ Ալեքսանյանը հիշեցնում է՝ եթե փաստաթղթերը նորմալ են և խոչընդոտ չկա, Ուկրաինայից կարող են դուրս գալ կամ արևմուտքով, կամ էլ Ռուսաստանի Դոնի Ռոստովի հատվածով։

«Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ ցամաքային ճանապարհով հնարավոր է դուրս գալ, օրինակ, Դոնի Ռոստով և հնարավոր է տեղաշարժվել Օդեսա ու Կիև՝ դեպի արևմուտք շարժվող հայրենակիցների համար՝ միայն ցամաքային ճանապարհով», - նշեց նա:

Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Ուկրաինայում հայերի միության հետ ամենօրյա կապ պահպանող սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյայի խոսքով, բարեբախտաբար, հայկական համայնքը չունի նաև նյութական կորուստներ։

Հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարի Վահագն Մաթևոսյանը Մարիուպոլում է բնակվում, մեր զրույցի պահին քաղաքում հանգիստ էր։

«Այս պահին կարող եմ ասել, որ համեմատաբար հանգիստ է իրավիճակը, կրակոցներ լսվում են հեռվում ու ոչ ինտենսիվ։ Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել՝ զարմանալիորեն, չնայած որ երեկ ամբողջ օրը եղել են կրակոցներ ու մարտեր։ Քաղաքի Восточный микрорайон է կոչվում էդ մասը, ավելի մոտ է գտնվում թեժ գծին, էդ մասում երեկ տեղեկություններ ստացա, որ մի քանի արկ ընկել է փողոց, մի բարձրահարկ շենքի վրա է ընկել, մեքենաներ են այրվել, սեփական տան վրա է ընկել արկ, կան զոհեր, վիրավորներ», - ասաց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարը։

Մաթևոսյանը պատմեց՝ երեկ իրականացրեն են նախապես մշակած տարհանման պլանը, բայց այս պահին այն արդեն դադարեցված է՝ բացատրելով քաղաքից քաղաք տեղափոխվելն արդեն վտանգավոր է․ - «Որոշեցինք, որ տարհանումը հենց հիմա դադրեցնենք։ Ես մի կես ժամ առաջ գրել եմ չաթում մեր բնակիչներին»։

Հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարն ասում է՝ նախքան տարհանման դադարեցումը, Մարիուպոլի հայերի կեսն արդեն հեռացել էր քաղաքից։

«Որոշեցինք առաջին դիսլոկացիայի վայրը Դնեպրոպետրովսկ, հաշվի առնելով ռիսկերը, մոտավորապես գնահատելով տակտիկան մարտերի, թե ոնց պետք է իրականանա, որոշեցինք Դնեպրոպետրովսկ քաղաքի հայկական եկեղեցու մոտ առաջին դիսլոկացիայի վայրը։ Էնտեղից մեր հայերի միության մյուս ներկայացուցիչները, որոնք ապրում են Դնեպրոպետրովսկում, կապվեցինք իրենց հետ, պայմանավորվեցինք, որ իրենք կդիմավորեն և կանեն առաջին օգնության քայլերը ժողովրդին։ Որոշ մասն իրենք իրենց մեքենաներով դուրս եկան, որոշ մասին, ովքեր ֆինանսական պրոբլեմներ ունեն, մեքենա չունեն, կազմակերպեցինք մեքենաները, վառելիքը, նախօրոք գնել էինք վառելիքը մեքենաների համար, կանխագուշակում էինք, որ կլինեն հերթեր, կլինի խուճապ, իրականում էդպես էլ եղավ», - ասաց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ղեկավարը։

Մաթևոսյանների ընտանիքը երեկ հյուրընկալել է նաև այն հարազատներին, որոնց բնակարանները քաղաքի մյուս ծայրամասում են՝ ռուսական սահմանին մոտ․ - «Ավելի շատ տեղահանված հայեր կան ու ավելի շատ փորձում են այն վայրերից, որտեղ կարող է մարտեր լինեն, այդ վայրերից տեղափոխվել այլ վայրերը, որտեղ ավելի հանգիստ է՝ դեպի Դնեպրոպետրովսկ, Զապորոժիե»։

Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ 8 տարի առաջ, 2014 թվականի պատերազմից հետո, կարողացել են կազմակերպվել ու ապաստարաններ կառուցել, որոնք այս պատերազմին պետք եկան։

XS
SM
MD
LG