Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է ուկրաինական ճգնաժամից օգտվել Հարավային Կովկասում. ընդդիմադիր պատգամավոր


Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ավելի քան 13 ժամ անց պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Երեկ, երբ իրադրությունը սրված էր, բայց հարձակում դեռ չկար, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, պատասխանել էր. «Ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա»:

Ռուսական ագրեսիային զուգահեռ հաղորդվեց, որ աշխատանքային այցով ՌԴ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը՝ հանդիպելու ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Շոյգուին։ Արդյոք այցը ուկրաինական վերջին զարգացումներով է պայմանավորված, հրատապ է կազմակերպվել, թե՝ նախօրոք էր ծրագրված, այս հարցը, նաև ինչ օրակարգով են երկու նախարարները բանակցելու, ՊՆ-ից հնարավոր չեղավ ճշտել։ Հեռախոսազանգերին լրատվական ծառայությունից չեն պատասխանում։

Պաշտպանության նախարարությունն առավոտյան սահմանային իրավիճակից տեղեկություն տարածեց՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»։

Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ ուկրաինական ճգնաժամից կարող է օգտվել Թուրքիան՝ լոկալ գործողություններ հրահրելով Հայաստանի և Արցախի ուղղությամբ՝ անկախ Ադրբեջանի ցանկությունից։

Նման սպառնալիք է տեսնում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը. «Թեև Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանին հնարավորինս կանխատեսելիության դաշտում պահելով և մեծ ապակայունացման ալիքներ թույլ չտալու համար, բայց հետպատերազմյան ժամանակահատվածում Թուրքիայի դերը բավականին մեծացել է մեր տարածաշրջանում, կտրուկ մեծացել է նաև Ադրբեջանի նկատմամբ, և չի բացառվում, որ Թուրքիայի` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոշտ դիրքորոշման պայմաններում ամեն դեպքում կարող են լինել որոշակի սպառնալիքներ` ոչ մասշտաբային, նաև Արցախի և Հայաստանի ուղղությամբ:

Միայն Ադրբեջանի նախաձեռնողականության պայմաններում ես Արցախի կամ Հայաստանի ուղղությամբ գործողությունների հավանականությունը փոքր եմ համարում, սակայն եթե լինի թուրքական ճնշում, թուրքական մեծ ազդեցություն, ապա Ադրբեջանը միանշանակ ընդգրկելու է, և նրա միջոցով կարող են լոկալ բնույթի գործողություններ իրականացվել»:

«Ազատության» եթերում Աբրահամյանը չբացառեց ՀԱՊԿ մասնակցությունը Ռուսաստանի գործողություններին, այսինքն՝ նաև Հայաստանի ներգրավվածությունը:

Պատգամավորի կարծիքով, սակայն, Երևանն այսօր պետք է փորձի չմիջամտել ճգնաժամին. «Բացի նրանից, որ մենք ունենք մեծ թվով խնդիրներ մեր տարածաշրջանում, Ուկրաինայում կա նաև հայկական համայնք, բավականին մեծ համայնք, և այս պարագայում բնական է, որ ցանկացած միջամտություն, նույնիսկ եթե դրանք նաև քաղաքական հայտարարությունների միջոցով են, կարող են ընդհանուր իրավիճակում Հայաստանի դեմ աշխատել: Բավականին նուրբ և առանձնահատուկ ժամանակահատված է, և Հայաստանն այս իրավիճակում ցանկացած քայլ անելիս պետք է երեք, չորս, հինգ անգամ մտածի, նոր որևէ քայլ ձեռնարկի»:

XS
SM
MD
LG