Մատչելիության հղումներ

Դոնեցկը և Լուգանսկը օգնություն են խնդրում Ռուսաստանի նախագահից


Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը, արխիվ
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը, արխիվ

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` օգնություն ստանալու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուշիլինի և Պասեչնիկի նամակում ասվում է, որ «օգնության տրամադրումն ամրագրված է Ռուսաստանի և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բարեկամության և փոխօգնության մասին պայմանագրերում»:

Պուշիլինը և Պասեչնիկը Պուտինին գրել են, որ «օգնությունն անհրաժեշտ է ուկրաինական ուժերի ագրեսիան դիմագրավելու, խաղաղ բնակիչների շրջանում կորուստներից խուսափելու և հումանիտար աղետը կանխելու համար»:

Փետրվարի 22-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը բավարարել է զինված ուժերն արտասահմանում օգտագործելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը:

Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

XS
SM
MD
LG