Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմը թեժանում է, մի շարք ուղղություններով ռուսական բանակի առաջխաղացում է նկատվում


Այսօր վաղ առավոտյան սկիզբ առած ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական ռազմական թատերաբեմերը հարավում և հյուսիսում են, մի քանի ժամ առաջ Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնին։

«Առավոտյան ժամը 5-ից Ուկրաինայի զինված ուժերը մարտական գործողություններ են վարում հակառակորդի հարձակումների բոլոր ուղղություններով։ Մարտեր են ընթանում Գոստոմելի օդանավակայանի, ինչպես նաև Հենիչեսկ, Սկադովսկ և Չապլինկա քաղաքների համար», - գրել է ուկրաինական բանակի հրամանատարը։

Նշենք, որ գեներալ Զալուժնիի հիշատակած Գոստոմելի օդանավակայանը գտնվում է մայրաքաղաք Կիևի անմիջական հարևանությամբ:

Մի շարք աղբյուրների դեռև չճշտված տվյալների համաձայն` ռուսական բանակը այս ուղղությամբ դեսանտային գործողություն է իրականացրել՝ մի քանի տասնյակ ուղղաթիռների ներգրավվմամբ։ Դա է վկայում նաև AP գործակալության տրամադրության տակ հայտնված սիրողական տեսագրությունը։

Ուկրաինական բանակի հրամանատարի հիշատակած Սկադովսկ, Չապլինկա և Հենիչեսկ բնակավայրերը երկրի հարավում են՝ բռնակցված Ղրիմին սահմանակից Խերսոնի մարզում։ Մինչև այսօր, սակայն, այս փոքր քաղաքները ուկրաինական զորքերի խոր թիկունքում էին գտնվում՝ 15-ից 50 կիմոլետր։

«Ի տարբերություն հյուսիսային և հարավային ուղղությունների՝ Դոնբասում որևէ ճեղքում չկա»,- պնդում է aրևելյան Ուկրաինայում տեղակայված միասնական զորախումբը։ Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններում տեղակայված այս ստորաբաժանման հրամանատարները սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել են, որ ռուսական բանակը փորձել է ճեղքել ճակատային գիծը՝ հետևակային ուժերի և դրանց աջակցվող 16 տանկերի օգնությամբ, սակայն անարդյունք։

Ուկրաինայի ՊՆ նախարարությունը նաև տեղեկացնում է, որ զինված ուժերը ռուսական ստորաբաժանումների դեմ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր են կիրառում:

«Սևծովյան օպերատիվ գոտում Ուկրաինայի զինված ուժերը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր են կիրառում», - քիչ առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Ուկրաինայի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսական կողմն այս տեղեկությունները հաստատում է՝ պնդելով, որ այսօրվա մարտերի ընթացքում կարողացել է թուրքական արտադրության չորս անօդաչու թռչող սարք խոցել։

«Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ` թեժ մարտեր են ընթանում նաև երկրի աևելքում գտնվող Սումի մարզկենտրոնի ուղղությամբ։

Ուկրաինական աղբյուրների վկայությամբ` մարտեր են նաև երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի մոտակայքում։ Կեսօրին մոտ ընդհարումները տեղափոխվել են Ռուսաստանի հետ սահմանից շուրջ 25-30 կիլոմետր հեռավորության վրա՝ Խարկովը շրջանցող մայրուղու մերձակա շրջաններ։ Այս մի ուղղությամբ ռուսների ձեռնարկած հարձակման ֆոնին խաղաղ բնակչությունը սկսել է զանգվածաբար լքել Խարկովը։

Reuters գործակալության տարածած տեսանյութում քաղաքից դուրս եկող բազմաթիվ մարդատար մեքենաներ են երևում։

Առավոտվանից գրեթե նույն կացությունն է մայրաքաղաք Կիևում։ Դեպի Ուկրաինայի արևմտյան մարզեր տանող մայրուղիները օրվա ընթացքում խցանված էին,հազարավոր մարդիկ փորձում էին լքել Կիևը։

«Վախենալի է, շատ վախենալի է։ Մենք չէինք սպասում, որ գործը սրան կհասնի», - AP թղթակցի հետ զրույցում նշում էր Կիևի բնակիչներից մեկը։

Լայնածավալ ռուսական հարձակման ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում շարքային քաղաքացիներին կամավորագրվել և համալրել տարածքային պաշտպանության ուժերի շարքերը։

«Մենք արդեն իսկ զենք ենք բաժանում և շարունակելու ենք բաժանել բոլոր ցանկացողներին՝ երկրի ինքնիշխանության պաշտպանության նպատակով», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։

Ի դեպ, այսօրվա ռուսական հարձակման ևս մեկ առանձնահատկությունը. Ուկրաինայի տարածք ներխուժած ռուսական բանակի զրահատեխնիկայի և բեռնատարների թափքերին սպիտակ ներկով հատուկ նշան է ուկրաինական ռազմական տեխնիկայից տարբերելու համար։ Զուգադիպություն է դա, թե ոչ, դժվար է ասել, բայց ռուսական տեխնիկայի վրա արված այդ հատուկ նշանը՝ Ուկրաինայի նախագահի ազգանվան առաջին տառն է՝ լատինատառ Z-ը։

XS
SM
MD
LG