Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է 6 մլրդ դրամ հատկացնել պարարտանյութի սուբսիդավորման համար


Գարնանացանին ընդառաջ կառավարությունը մտադիր է 6 միլիարդ դրամ կամ մոտ 12 միլիոն դոլար հատկացնել գյուղացիական տնտեսություններին Հայաստանում ու միջազգային շուկայում եռակի թանկացած պարարտանյութի սուբսիդավորման համար։ Այս օրերին Շիրակի մարզի համայնքներում ցուցակագրում են ծրագրից օգտվել ցանկացողներին։

Խնդրի մասին բարձրաձայնած հողագործները մտավախություն ունեին, որ շուկայական գներով չեն կարողանա գարնանացան անել։ Դեռևս չհաստատված նախագծով գործադիրը ցանկանում է 19 հազար դրամ գնահատված մեկ պարկ ազոտական պարարտանյութի գնի ուղիղ կեսը սուբսիդավորել և գյուղացուն վաճառել 9500 դրամով։ Նախքան թանկացումը գյուղացիները մեկ պարկը գնում էին 7500 դրամով։

Ծրագրի շահառու կարող են դառնալ կես հեկտար և ավելի հող ունեցողները։ Մեկ հեկտարի համար նախատեսվում է վեց պարկ սելիտրա տրամադրել հողագործներին։

Շիրակ գյուղի վարչական ղեկավարը բաշխման այս տարբերակը խնդրահարույց է համարում

Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը բաշխման այս տարբերակը խնդրահարույց է համարում, կարծում է, պետք էր տարբերակված մոտեցում որդեգրել տարբեր մշակաբույսերի համար:

«Եթե բնակիչն ունի երեք հեկտար հող և երկու հեկտարում մշակում է բանջարաբոստանային կուլտուրաներ, արդեն բանջարաբոստանային կուլտուրաների համար մեկ հեկտարի հաշվով մոտ 1000 կգ, այսինքն 1 տոննա ազոտական պարարտանյութ է անհրաժեշտ: Խնդիր կառաջանա, որովհետև շատ քիչ կլինի, այսինքն այդ 200 կգ-ն հացահատիկային մշակաբույսերի դեպքում գոնե նորմալ է մինչև 300 կգ, բայց բանջարաբոստանային կուլտուրաների համար կարող եմ ասել, որ շատ քիչ է», - նշեց Ասատրյանը:

Շիրակ գյուղում մոտ 1000 հեկտար հող է մշակվում: Եթե բաշխումը չտարբերակվի, ապա, վարչական ղեկավարի հաշվարկներով, սուբսիդավորված պարարտանյութը կբավականացնի միայն հացահատիկներին, բանջարաբոստանային մշակաբույսերին չի հասնի:

«Մեր պահանջարկը 11 հազար պարկ է, մոտավոր հաշվարկներով, մենք ներկայացրել ենք այդ արդեն, բայց հասանելի կլինի 6 հազար պարկը, որը խնդիրներ կառաջացնի», - ընդգծեց Համլետ Ասատրյանը:

Վարչական ղեկավարն ինքը կարտոֆիլ է մշակում: Այս տարի որոշել էր ցանքատարածություններն ավելացնել, բայց հիմա այդ մտքից ետ է կանգնել, քանի որ պարարտանյութից բացի նաև դիզվառելիքն է թանկացել ու հող մշակելը դարձել անեկամտաբեր: Մտավախություն ունի, որ շարքային գյուղացին չի կարողանա հող մշակել:

«Եթե պարարտանյութը թանկ է, դիզվառելիքը թանկ է, գյուղում անմշակ հողեր կունենանք. կա՛մ անմշակ հողեր գյուղը շատ կունենա, կա՛մ էս դեպքում ոչ թե անմշակ հողեր կլինեն, այլ մի քանի ֆերմերի ձեռք կանցնի էս ամեն ինչը», - ասաց նա:

Շիրակցի ֆերմեր Ալեքսան Նիկողոսյանը ցորեն էր վաճառում, որ այդ գումարով կարողանա պարարտանյութ ու դիզվառելիք գնել. «Էսօր ես 1 տոննա ցորենը, որ վաճառեմ, հիմիկվա գներով կառնեմ 8 պարկ պարարտանյութ: Բայց անցած տարի ես վաճառում էի, մեկ տոննա էի գնում պարարտանյութ: Անցած տարի ես առել եմ 4,5 միլիոնի պարարտանյութ, այս տարի պիտի առնեմ 13 միլիոնի, բայց ես էն մնացած 7-8 միլիոնից ավելին պիտի իմ կաշվից ելնելով կամ թեկուզ վարկավորմամբ..... Նոր ծրագրեր ունեի, որ առաջ գնայի, չէ, չես կարա գնաս»:

Գիտի, որ կառավարությունը մեկ հեկտարի հաշվարկով 300 կգ պարարտանյութ է նախատեսել: 76 հեկտար հող է մշակում: Թե ով և ինչպես է հաշվել ու պարարտանյութի տրամադրվող քանակը որոշել, ֆերմերը չի հասկանում:

«Էդ կնոպկա սեղմողները, ով էլ որ կսեղմի, էդ որոշումը կայացնում են, իրանք ընդհանրապես գյուղատնտեսությունից գաղափար չունեն, թե բույսն ինչպես կաճի, ջուր կուզի բույսը, սնունդ, հողերն անսնունդ են», - նշեց Ալեքսան Նիկողոսյանը:

Արթուր Մացակյանը 7 հեկտար հող է մշակում: Ասում է՝ նույնիսկ կառավարության սուբսիդիայի դեպքում պարարտանյութը կրկին թանկ է գյուղացու համար։ «Այստեղ 9500 դրամն էլ է թանկ, անցած տարի 6500-7000 դրամով կառնեինք, էլի մի պարկ պարարտանյութի մեջ 2500 դրամն էլի փող է, շառ փող է՝ 40-50 պարկի մեջ 120 հազար փող կկանգնի: Եթե չկարողացա, քիչ պիտի առնեմ պարարտանյութ», - ասաց Մացակյանը:

Եթե կառավարության սուբսիդավորած պարարտանյութը չբավարարի, քիչ կմշակի:

Շիրակի վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք, թե հիմա գյուղացիներից արդյոք ընդունո՞ւմ են հայտեր: «Ցուցակագրում էս պահին չի կատարվում դեռ, ծրագրով նախատեսված է, որ մարտի 4-ից հետո, այսինքն մատակարարները պետք է ընտրվեն, եռակողմ պայմանագիր պետք է կնքվի բնակչի, վարչական ղեկավարի և մատակարարի հետ, որպեսզի պարարտանյութը հասնի գյուղ և տրամադրվի գյուղացուն», - պատասխանեց Համլետ Ասատրյանը:

Ըստ կառավարության նախագծի, Շիրակի մարզից 5000 տոննա ազոտական պարարտանյութի հայտ է ներկայացվելու: 10 մարզերի պահանջարկը շուրջ 27 հազար տոննա է գնահատվել։ Սուբսիդավորման նախագիծը գործադիրը դեռ չի հաստատել։

XS
SM
MD
LG