Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ շիրակցի ֆերմերները ահազանգում են ազոտական պարարտանյութի գրեթե 3 անգամ թանկացման մասին։
Ղարիբջանյանացի Պարգև Հարությունյանը 10 հեկտար հող ունի, եթե պարարտանյութի մեկ պարկը նախկին 8 հազար դրամի փոխարեն 18-20 հազարով գնի, ապա մեկ հեկտարի հաշվով միայն պարարտանյութի համար 500 հազար դրամ կվճարի՝ չհաշված սերմացուի, գյուղտեխնիկայի, դիզվառելիքի ծախսերը։
«Եթե ուզում ենք նորմալ բերք ստանանք, մեկ հեկտարին մոտավորապես 20-25 պարկ պարարտանյութ է պետք։ Դա մոտավոր կազմում էր, անցած տարվա հաշվարկներով, մոտ 200 հազար, էս տարի՝ մոտավորապես 500 հազար, երկուս ու կես անգամ շատ։ Դա կազդի գնի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարգև Հարությունյանը։
Պարարտանյութի թանկացումը կհանգեցնի գյուղապրանքների գնաճին, զգուշացնում են ֆերմերները։ Դրանք առանց այն էլ թանկացել էին անցած տարվա երաշտի պատճառով։
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով, սննդամթերքը, ներառյալ գյուղապրանքները, անցած տարեվերջին 2020-ի համեմատատ թանկացել էր ավելի քան 17 տոկոսով։
Վարդիթեր Ասատրյանը ու ամուսինը 1,5 հեկտար հող են մշակում։ 30 տարի առաջ Ղարիբջանյան հարս եկած կինը չի հիշում, որ երբևէ դաշտից իր մշակած կաղամբի կիլոգրամը 300 դրամով վաճառեր։ Եթե պարարտանյութը թանկանա, դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ գների վրա, մյուս կողմից էլ, ասում է, եռակի թանկ սելիտրա ոչ բոլորը կկարողանան գնել. - «Չեմ կարծում, որ գյուղացիները կկարողանան 20 հազար դրամով պարարտանյութ առնել և հող մշակել։ Բացի դրանից, եթե ազոտական պարարտանյութը թանկ է, բնականաբար թանկ է նաև սերմացուն, բնականաբար թանկ են նաև թունաքիմիկատները»։
«Փորձում ենք ոչ էդքան թանկ պարարտանյութով ապահովել գյուղացիներին»
Թանկացած պարարտանյութի հարցը անցած շաբաթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ընդդիմադիր պատգամավոր, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը, որին էլ հենց դիմել էին շիրակցի ֆերմերները։
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը գյուղացիներին սուբսիդավորում տրամադրելու է պարարտանյութերի և սերմացուի համար։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չհերքեց, որ սիլիտրան թանկացել է, ասաց՝ բանակցում են տարբեր երկրների հետ, որ կարողանան ավելի մատչելի ներկրել։
«Փորձում ենք հիմա Թուրքմենստան, Ռուսաստան, Իրան, Վրաստան, Բելառուսիա և այլն, որպեսզի կարողանանք անհրաժեշտ պարարտանյութով, կամ ոչ էդքան թանկ պարարտանյութով ապահովել գյուղացիներին», - ասաց նախարարը։
Թե բանակցությունների արդյունքում ինչ գին կունենա պարարտանյութը և ինչու է այն թանկացել, նախարարը չհստակեցրեց, մինչ այդ Շիրակի մարզում շատ ֆերմերներ այժմ ծանրութեթև են անում՝ հողը մշակե՞ն, վաճառե՞ն, թե սպասեն կառավարության քայլերին։
Արդյո՞ք կսուբսիդավորեն ֆերմերներին, բանակցությունների արդյունքում ի՞նչ գին կունենա պարարտանյութը և ինչո՞ւ է այն կտրուկ թանկացել։ Այս հարցերին նախարարը հստակ պատասխան չտվեց։
Մինչդեռ պարարտանյութ ներկրող «Սապսան Թրեյդ» ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանը գնի շուրջ բանակցություններն արդեն ուշացած է համարում, քանի որ շուկայում սելիտրայի մեծ դեֆիցիտ կա։ Ընդ որում, մատակարարի խոսքով, հենց արտահանող երկրներն են դեֆեցիտի առաջ կանգնել. - «Արդեն ուշ է։ Հիմա եթե նոր իրենք սկսել են բանակցել, նավեր, երկաթգիծ... էդ ապրանքը մինչև բերեն հասցնեն, գարնան կեսը կանցնի։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը ներկրում էր Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից։ Այս պահին միայն մենք ունենք հնարավորություն ապրանք ձեռք բերելու Վրաստանից»
Գործարարն ասում է, թե դեֆիցիտի պատճառը գազի թանկացումն է ու մի քանի խոշոր գործարանների փակումը. - «Ազոտական պարարտանյութի գինը հիմնականում գոյանում է գազի գնից, ինքնարժեքի մոտ 60-70 տոկոսը բնական գազն է։ Այս տարի ամբողջ աշխարհում գազի հետ կապված խնդիրներ առաջացան, Եվրոպայում գազի գնի, նաև գազ չլինելու պատճառով երեք-չորս ընկերություն են փակվել։ Նաև աշխարհի այլ երկրներում։ Դրա հետ կապված ապրանքի դեֆիցիտ է առաջացել արդեն ամբողջ աշխարհում։ Երկրներ կան նույնիսկ միգուցե այս տարի ազոտական պարարտանյութ չեն կարող ունենալ։ Առաջարկի քիչ լինելու պատճառով ապրանքի գինը մոտ չորս անգամ թանկացել է։ Նույնիսկ այս պայմաններում, երբ ասում ենք՝ մենք համաձայն ենք, այդ գնով ուզում ենք ձեռք բերել, խնդիրներ են առաջանում»։
Մատակարարող ընկերության տնօրենը զգուշացնում է՝ գյուղացիները առաջիկայում հնարավոր է նույնիսկ 20 հազար դրամով էլ չկարողանան սելիտրա գնել, քանի որ այն պարզապես չի ճարվի։ Արամ Խաչատրյանը առաջարկում է սելիտրան փոխարինել այլ, ավելի էժան պարարտանյութերով, որոնց գինը ավելի քիչ է բարձրացել։
Կարտոֆիլ, կաղամբ, բրոկոլի ու ծաղկակաղամբ մշակող ղարիբջանյանցիներից ոմանք իրենց գլխի ճարը տեսել են՝ հողը գոմաղբով կպարարտացնեն։ Մյուսները դեռ ծանրութեթև են անում՝ դաշտերը մշակե՞ն, վաճառե՞ն, թե՞ սպասեն կառավարության քայլերին։