Կառավարությունը շարունակում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ ավելի էժան գնով ազոտական պարարտանյութ ձեռք բերելու ուղղությամբ, միաժամանակ գործադիրը մտածում է գյուղացիներին սուբսիդավորելու մասին։
Գարնանացանին ընդառաջ ֆերմերներն ահազանգում են սելիտրայի եռակի թանկացման մասին, շատերը ասում են, որ նման գներով չեն կարողանա հող մշակել։
«Մենք շարունակում ենք բանակցությունները՝ շուկայականից ավելի էժան գնով պարտարտանյութ ձեռք բերելու համար։ Ասեմ ձեզ, որ ԵԱՏՄ-ի մասով Ռուսաստանը չի փակել ազոտական պարարտանյութերի արտահանումը, և դա հասանելի է մեզ, և նաև շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև՝ շուկայականից ավելի էժան գնով նաև պարարտանյութ ձեռք բերելու մասին», - հարցին նախօրեին խորհրդարանում անդրարադարձավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին։
Պատգամավորը արդեն երկրորդ անգամ է բարձրաձայնում այս խնդրի մասին՝ ընդգծելով, որ գարնանացանը կարող է լրջորեն տուժել պարարտանյութերի կտրուկ թանկացման ֆոնին։ «Գարնանացանը էն վատ հատկությունը ունի, որ գարնանը պետք է արվի, և չեն կարող սպասել մինչև օգոստոսի կեսերը», - ընդգծեց Խաչատրյանը։
Քերոբյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որով պարարտանյութերի ձեռքբերման համար գյուղացիներին սուբսիդավորում կտրամադրվի։ Նախարարը, սակայն, չհստակեցրեց թե՛ սուբսիդավորման չափը, թե՛ նախագծի ընդունման ժամկետը. համենայն դեպս, կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցը ներառված չէ։
Մինչ բանակցություններ են ընթանում, Հայաստանում ամենաշատը կիրառվող սելիտրայի մեկ պարկը շուկայում արդեն վաճառվում է ավելի քան 20 հազար դրամով՝ նախկին 7 հազարի փոխարեն։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցներում շիրակցի ֆերմերներն ասել էին, թե մեկ հեկտարի հաշվարկով մոտավորապես 300 հազար դրամի հավելյալ ծախս են անելու և դա ոչ բոլորի գրպանին է հասու։
«Չեմ կարծում, որ գյուղացիները կկարողանան 20 հազար դրամով պարարտանյութ առնել և հող մշակել, բացի դրանից, եթե ազոտական պարարտանյութը թանկ է, բնականաբար, թանկ է նաև սերմացուն, բնականաբար թանկ են նաև թունաքիմիկատները», - ասել էր «Ազատության» զրուցակիցներից մեկը։
Ներկրողներն էլ իրենց հերթին բարձրաձայնում են ազոտական պարարտանյութի դեֆիցիտի մասին։ Նրանցից մեկը՝ «Սապսան Թրեյդ» ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանը կտրուկ թանկացումը պայմանավորել էր միջազգային շուկայում գազի գնի բարձրացմամբ և սելիտրա արտադրող մի քանի խոշոր գործարանների փակմամբ։ Հայաստանը ազոտական պարարտանյութ ներկրում է Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից: