Ռուսաստանի որոշ շրջաններից զորքերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների պահանջներն անընդունելի են, իսկ Ուկրաինա ներխուժում պլանավորելու մեղադրանքները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսաստանը վստահեցնում է, որ զորավարժությունների ավարտից հետո իր զորքերը կվերադարձնի մշտական տեղակայման վայրեր:
«Ռուսաստանի վրա պատասխանատվությունը տեղափոխելու, նրան հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ հավելելով․ - «Չեմ կարող չասել, որ մենք ծայրաստիճան հիասթափված ենք առնվազն մեր արևմտյան գործընկերների ջայլամի դիրքորոշումից, որոնք փորձում են չնկատել այս ակնհայտ բաները»։
Շարունակվող ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, ըստ արևմտյան և ուկրաինացի դիվանագետների, ընկալվում են որպես սպառնալիք։
«Ուկրաինան հավատարիմ է մնում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։ - «Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Միաժամանակ, կրկնում եմ, եթե Ռուսաստանն ընտրի էսկալացիայի ճանապարհը, Ուկրաինան կպաշտպանվի»։
Երեկ, ըստ լրատվամիջոցների, ուկրաինացի զինվորականների և Դոնբասի ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգությունը սաստկացել է։ Ըստ ուկրաինական կողմի՝ արկերից մեկը դիպել է մանկապարտեզի շենքին։ Այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։