«Ռուսական ստորաբաժանումները շարժվում են դեպի մարտական դիրքեր»
Ռուսաստանի ղեկավարները խոսում են Ուկրաինայի սահմանների մոտ կուտակած ստորաբաժանումները հետ քաշելու և զորավարժություններն աստիճանաբար ավարտելու մասին, մինչդեռ, իրականում Մոսկվան, ըստ Արևմուտքի, շարունակում է հզորացնել այդ զորամիավորումները:
Ռուսների խաղաղասիրական հավաստիացումների անկեղծությունը կասկածի տակ են առնում Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն:
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում «կեղծիք» է անվանել ռուսների պնդումները զորամիավորումները հեռացնելու մասին:
«Գործնականում մենք հակառակն ենք տեսնում, վերջին շաբաթներին և նույնիսկ օրերին ռուսների զորքը սահմանին ավելացել է, և մտահոգիչն այն է, որ նրանք շարժվում են դեպի մարտական դիրքեր, սա է մեծ անհանգստություն պատճառում»,- ասել է Ամերիկայի արտաքին գերատեսչության մամլո ծառայության խոսնակը:
«Ռուսները կարող են կայծակնային հարձակման համար պատրվակ ստեղծել»
Վաշինգտոնում Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը, նշել է, որ ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, ռուսները 7 հազար զինծառայողով ավելացրել են զորքն Ուկրաինայի սահմանի մոտ, և նրանց մի զգալի մասը նախօրեին է ժամանել տեղակայման շրջան:
Այդ պաշտոնյայի փոխանցմամբ, ռուսները կարող են արհեստական պատրվակ ստեղծել կայծակնային հարձակման անցնելու համար: «Մենք շարունակում ենք այդ մասին վկայող տեղեկություններ ստանալ»,- ասել է պաշտոնյան:
Ուկրաինացիները և ռուս անջատականներն իրար են մեղադրում
Դոնբասի շրջանում երկու կողմերն էլ մեկ-մեկու մեղադրում են սադրանքների համար: Դոնեցկի անջատականները պնդում են, որ ուկրաինական բանակն ամեն օր խախտում է հրադադարը:
«Իրավիճակը շփման գծում խիստ սրվել է, հակառակորդը լայնածավալ բախում հրահրելու նպատակով սադրանքների է դիմում, վաղ առավոտից ուկրաինական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը»,- հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման միլիցիայի խոսնակ Օլեգ Նիկիտինը:
Ուկրաինայի բանակն էլ հաղորդում է անջատականների կողմից Լուգանսկայա գյուղի գնդակոծման մասին: Արկերից մեկը հարվածել է մանկապարտեզի շենքին, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է, գյուղի կեսը մնացել է առանց էլեկտրականության, բնակիչներին փոխադրել են ռմբապաստարան:
«Ռուսները խոսքը գործով չեն ապացուցել, դուրսբերում դեռ չկա»
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսիյ Ռեզնիկովն ընդգծում է, որ այս պահին չկա ռուսների կողմից բանակը հետ քաշելու և ոչ մի ապացույց:
«Դժբախտաբար, այդ ուժերը հետ քաշելու փաստեր չկան, ոչ Ուկրաինայի հետախուզությունը և ոչ էլ մեր ռազմավարական գործընկերների պատկան կառույցները նման տվյալներ չունեն: Ռուսները խոսում են ինչ-որ փոքր ստորաբաժանումների հեռանալու մասին, բայց դեէկալացիա չկա, նրանք խոսքը գործով չեն ապացուցել, դուրսբերում դեռ չկա»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:
«Երկրներն են ընտրում ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն է ընտրում երկրները»
Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովին հրավիրյալների կարգավիճակում մասնակցել են նաև Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Ժողովից առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին, և ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի նոր անդամներ ընդունելու սկզբունքից:
«Ես հստակ հայտնել եմ Կրեմլին, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի բաց դռների քաղաքականությունից: Երկրներն են ընտրում ՆԱՏՕ-ն, այլ ոչ է ՆԱՏՕ-ն է ընտրում երկրները»,- ասել է Ուոլեսը:
«Վախենամ, սա է «նոր նորմալը», որին մենք պետք է պատրաստ լինենք»
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, թե Մոսկվայից ստացվում են ազդակներ առ այն, որ խնդրի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է շարունակել, բայց այս պահին չկան զորքը հանելու և դեէսկալացիայի նշաններ:
«Ռուսաստանը շարունակում է արհամարհել սկզբունքները, սպառնում է Եվրոպայի կայունությանը և անվտանգությանը, դրսևոում է ուժի սպառնալիքով իր ուզած նպատակներին հասնելու ցանկությունը, դժբախտաբար, վախենամ, որ սա այն «նոր նորմալն» է (new normal), որին մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է Ստոլտենբերգը: