Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երեկ անդրադառնալով ռուսական զորքերի հնարավոր ներխուժմանը, որի մասին պարբերաբար հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով հետախուզությանը, հայտարարել է, որ իր երկրի համար այդ հաղորդումները «հանգեցնում են միայն կորուստների բոլոր ճակատներում»:
Զելենսկին ընդգծել է, որ «հասարակության մեջ մշտական խուճապի պայմաններում ֆիզիկապես անհնար է» իրականացնել տնտեսական քաղաքականություն և բարեփոխումներ։
Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը խոստովանել է, որ պատերազմի ռիսկերը գոյություն ունեն։ Նրա կարծիքով՝ դրանք Ռուսաստանի իշխանությունների ասածների ու արածների անհամապատասխանության, ինչպես նաև ուկրաինական սահմանների մոտ մեծ թվով ռուսական զորքերի կենտրոնացման մեջ են։ «Եթե դրանք շատ ավելի քիչ լինեին, ոչ ոք ընդհանրապես չէր բարձրացնի այդ հարցերը», - ասել է Զելենսկին։