Մատչելիության հղումներ

Դահուկային վազքուղի՝ Կրաշենում. Շիրակի մի քանի գյուղերում սկսել են մտածել տուրիզմի զարգացման մասին


Հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող Շիրակի մարզի մի քանի գյուղերում սկսել են հյուրատներ բացել և մտածել գյուղական տուրիզմի զարգացման մասին։ Այդ գյուղերից մեկը ձյունառատ Կրաշենն է, որը հիմնականում գրավում է դահուկային սպորտի սիրահարներին։ Այստեղ առայժմ մեկ հյուրատուն է գործում, որ հիմնել է Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը։

Մենեջեր Արմենուհի Կարապետյանն, որը հենց Կրաշենում է բնակվում, նկատել է՝ նույնիսկ մեկ հյուրատան առկայությունը մեծացրել է գյուղի նկատմամբ հետաքրքրությունը. «Մեկ տարի առաջ է բացվել, հենց բացված ժամանակից էլ ունեցել ենք [հյուրեր], ամառն էլ ենք ունեցել, հիմա ավելի շատ, գնալով ավելի շատանում է: Գալիս են դրսից, Երևանից, Գյումրիից»:

Հյուրատանը իրենց ձեռքով պատրաստված էկոլոգիապես մաքուր թեյեր, մուրաբաներ, չրեր են առաջարկում հյուրերի: «Մեր մոտ գյուղական արտադրանք է՝ մուրաբաներ, մեղրամոմեր, մեղր, ձավար: Ամբողջը մենք ենք պատրաստել, փաթեթավորել՝ արիշտաներ, եղինջ, ավելուկ», - ներկայացրեց Արմենուհի Կարապետյանը:

Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը բացատրում է՝ ինչու է ընտրել Կրաշենը. այստեղ ձյան շերտը հաստ է, պահպանվում է վեց ամիս, դրա հետ մեկտեղ սարերով շրջապատված գյուղում եղանակը ավելի տաք է, դահուկային վազքուղին էլ հենց գյուղի դաշտում է։ Տեր-Մինասյանը համոզված է, որ հյուրատնային բիզնեսը քաղաքից գյուղ տեղափոխելու իր նախաձեռնությանը այլ ներդրողներ էլ կհետևեն։

«Արևի գյուղ է, ես Կրաշենը մտածում եմ, որ շուտով կդառնա արևի գյուղ: Նաև փորձում ենք մեր օրինակով, ինչու չէ նաև մեր տարբեր ծրագրերի միջոցով գյուղը դարձնել արևային գյուղ, արդեն գյուղի ամբողջ լուսավորությունը արևային է, մեր ծրագրերից մեկն է եղել, և Ավստրիական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ ու մեր նախաձեռնությամբ մի քանի տներ արդեն գյուղում ունեն արևային համակարգ՝ թե՛ ֆոտովոլտային կայաններ, թե՛ ջրատաքացուցիչներ», - ասաց Տեր-Մինասյանը:

Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները ամեն տարի Կրաշենում դահուկային մրցաշար են կազմակերպում:

«Մենք՝ հայերս այդքան շատ սպորտային չենք, հիմնականում գալիս են սելֆի անելու համար, բայց կամաց-կամաց փոխվում է: Իսկ այս տարածքը մոտ մեկ շրջանը մոտ 1 կմ է, ձնագնդիով բիաթլոնի տուրնիր ենք անցկացնում, արդեն դարձել է տրադիցիա, Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները տարին մեկ գալիս են՝ այդ տուրնիրին մասնակցելու», - ներկայացրեց Գերմանիայի հյուպատոսը:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար Մարկուս Ջանը առաջին անգամ էր Կրաշենում: Մեկ կմ-անոց վազքուղին անցնելուց հետո ասաց. «Հրաշալի եմ, առաջին անգամ 15 տարի անց ես նորից դահուկների վրա եմ: Կրկին կգամ»:

Գերմանացի դիվանագետը ևս գյուղական տուրիզմի զարգացման հեռանկարներ է տեսնում. «Իհարկե, փոքր դահուկային վայր է, բայց փոքրից են սկսում սովորաբար: Իսկ սկսնակների ու հատկապես դահուկային սպորտի սիրահարների համար հրաշալի ուղղություն է: Ես երբեք այստեղ շատ մեծ բաներ չէի կառուցի, իր գրավչությունը կկորցնի: Գյուղական միջավայրը գրավիչ է»:

Կրաշենի հարևանությամբ գտնվող գյուղերից՝ Մեծ Սարիարում ևս փոքր հյուրատուն է բացվել։ Գյուղացիների համար տուրիզմը հողից բացի այլ եկամտի աղբյուր ունենալու հնարավորություն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG