Մատչելիության հղումներ

Դրամի արժեզրկումը լուրջ խնդիրներ է ստեղծել Շիրակի մարզի ֆերմերների համար


Դրամի արժեզրկումը, պարարտանյութի և վառելիքի թանկացումները լուրջ խնդիրներ են ստեղծել Շիրակի մարզի ֆերմերների համար։ Ազատանցի ֆերմեր Գևորգ Աբրահամյանի հաշվարկով՝ միայն դրամի արժեզրկման պատճառով 1 տոննա կարտոֆիլի տնկանյութը 100 հազար դրամով թանկացել է։

«Քանի որ մենք տնկանյութերը արտերկրից ենք ներկրում, հիմնականում եվրոպական երկրներից, բոլորիս էլ լավ հայտնի է եվրոյի կուրսի բարձրացումը, ըստ այդմ արդեն տնկանյութի գնվող արժեքը մոտավորապես մեկ տոննայի կտրվածքով 100 հազար դրամ ավելացել է արտադրողի վրա: Մենք գնելու ենք եվրոպական երկրներից, էստեղ մեկ անգամ մշակենք, այսինքն այդ տնկանյութն այստեղ՝ Շիրակի մարզում վերարտադրվելու է, հետո Արարատյան դաշտավայր և մնացած մարզեր նորից տնկանյութ ենք վաճառելու: Այստեղ արդեն մեկ տոննայի կտրվածքով 100 հազար դրամի տարբերություն է: Դա արդեն բավականին մեծ տարբերություն է, խոսքը մեկ տոննայի մասին չի գնում, մի քանի՝ 40, 50, 100 տոննաների մասին է գնում», - ներկայացրեց Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով, երբ գումարվում է նաև պարարտանյութի և դիզվառելիքի բարձր արժեքը, հող մշակելը նույնիսկ խոշոր ֆերմերների համար դառնում է ոչ այնքան եկամտաբեր. «Այս պարագայում եկամուտ ակնկալելը չեմ կարող ասել՝ ինչ դաշտից կարող է լինել, բայց համենայն դեպս փորձում ենք աշխատել, որպեսզի եկամուտ ստանանք, եթե որոշենք, որ պետք է չաշխատենք, ուրեմն տնտեսության այդ ճյուղն էլ կքայքայվի»:

Շիրակի մարզում եղանակային պատճառներով գարնանացանը դեռևս հետաձգվում է։ Այս ընթացքում գյուղացիները հաշվարկներ են անում ու տարակուսում՝ ինչպե՞ս կարող է մեկ ձուն ավելի թանկ լինել 1 կիլոգրամ կարտոֆիլից։ Գյուղացիները հաշվարկ են անում, որ հող մշակելուց եկամուտ գրեթե չունեն, բայց հողը պարապ չթողնելու համար մշակում են:

Շիրակ մարզում անցած տարի ցանքատարածությունների մշակման աճ արձանագրվեց մոտ 600 հեկտարով, որը ավելի շատ կապեցին համավարակի հետևանքով խոպանչիների տանը մնալու հանգամանքով: Մարզը 78 հազար հեկտար վարելահող ունի: Քիչ չեն չմշակվող ցանքատարածությունները: Հիմնական չմշակվող հողատարածքները Աշոցքում ու Ամասիայում են, նշում է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

«Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների շուրջ 16 հազար հեկտար վարելահողերի չմշակումն է խոշոր թիվ, որը տարիների ընթացքում չի մշակվել և վերածվել է խոտհարքների: Կան տարածքներ, որ թեքությունների վրա են, քարքարոտ տարածքներ են կամ ոռոգման ջուր չլինելու պատճառով չեն մշակվում», - ներկայացրել Նալբանդյանը:

Մարզի հիմնական ցանքատարածություններում հացահատիկ է մշակվում, երկրորդ տեղում կարտոֆիլն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG