Մատչելիության հղումներ

Պատժամիջոցները ներխուժման դեպքում անմիջապես կգործեն, զգուշացրել է Ջոնսոնը Ռուսաստանին


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան Կիևում բանակցություններ են վարել, որին հաջորդել է նրանց համատեղ ասուլիսը։ Ջոնսոնն ասել է, որ Ուկրաինայի սահմաններին ավելի քան 100 հազարանոց ռուսական զորքի կուտակումը «թշնամության թերևս ամենամեծ ցուցադրումն է, մեր կյանքի ընթացքում»։

Նա նշել է, որ Լոնդոնը ռուսական կոմերցիոն շահերի ու անհատների դեմ պատժամիջոցների փաթեթ և այլ միջոցներ է պատրաստել, որոնք անմիջապես կկիրառվեն, երբ «ռուսական զինվորի կոշիկի քիթը մտնի Ուկրաինայի տարածք»։

«Կենսական կարևոր է, որ Մոսկվայում հասկանային՝ պատժամիջոցները ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնեն անմիջապես: Նույն րոպեին, երբ սկսվի ռուսական զորքերի ներխուժումը ինքնիշխան Ուկրաինա, պատժամիջոցները կսկսեն աշխատել»,-զգուշացրել է նա։

Նա Ռուսաստանին կրկին հորդորել է հետ քաշվել և ընտրել դիվանագիտության ճանապարհը, ասելով, թե դա «դեռ հնարավոր է»։ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Արևմուտքը ձգտում է երկխոսության, բայց պատրաստ է նաև պատժամիջոցների։

Ջոնսոնն ասել է, թե իր կարծիքով Ռուսաստանի նախագահը ցանկանում է փոխել միջազգային կարգը, որը ձևավորվել է Բեռլինի պատի փլուզումից հետո։ «Կարծում եմ՝ նա փորձում է Ուկրաինայի գլխին պահած ատրճանակով, Ուկրաինային վախեցնելու միջոցով, ստիպելու մեզ փոխել հայացքները, ինչը մեզ բացարձակապես ֆանտաստիկ է թվում։ Պուտինը փորձում է փոխել Եվրոպայի անվտանգության քարտեզը, Յալթայի նոր աշխարհակարգ, ազդեցության նոր գոտիներ սահմանել և հնարավոր է ոչ միայն Ուկրաինան հետ տարվի ռուսական ազդեցության գոտի, պետք է մտածել նաև Վրաստանի, Մոլդովայի ու այլ երկրների մասին»,- ասել է Բրիտանիայի վարչապետը։

«Ռուսաստանի հետագա ներխուժումը Ուկրաինա քաղաքական, հումանիտար աղետ կլինի Ռուսաստանի ու ամբողջ աշխարհի համար, կարծում եմ նաև ռազմական աղետ կլինի», -ասել է նա։

Ջոնսոնի ու Զելենսկու մամուլի ասուլիսից առաջ տարածվել է նրանց համատեղ հայտարարությունը, ուր ասված է, որ երկու երկրները պայմանավորվել են միասին աշխատել՝ ամրապնդելու Ուկրաինայի անվտանգությունը և ինքնապաշտպանվելու հնարավորությունը։

Բորիս Ջոնսոնի և Վլադիմիր Պուտինի այսօր նախատեսված հեռախոսազրույցի մասին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ այն տեղի է ունենալու երեկոյան, իսկ առանցքային հարցերը լինելու են ներուկրաինական կարգավորումն ու անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։

«Կարելի է ակնկալել, որ առաջնորդները ևս մեկ անգամ կքննարկեն եվրոպական անվտանգության օրակարգի ամենաառանցքային հարցերը: Դա ներուկրաինական կարգավորումն է, հաշվի առնելով Ջոնսոնի երեկվա այցը Կիև, ինչպես նաև, իհարկե, կքննարկվեն մեր համալիր առաջարկները՝ Ռուսաստանի անվտանգությունը ապահովելու համար տրամադրել երկարաժամկետ և իրավական երաշխիքներ»,- ասել է Ուշակովը լրագրողներին։

Կիևը երբեք հատուկ կարգավիճակ չի շնորհի Դոնեցկի և Լուգանսկի մարզերին. Դմիտրի Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը երբեք հատուկ կարգավիճակ չի շնորհի Դոնեցկի և Լուգանսկի մարզերին, որոնք 2014 թվականից գտնվում են ռուսամետ ուժերի վերահսկողության տակ։

Լեհական «Rzeczpospolita» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ «այսպես կոչված Մինսկի համաձայնագրերով» առաջին հերթին պետք է ուշադրության տակ լինի անվտանգությունը։

«Ուկրաինայի ոչ մի մարզ իրավունք չի ունենա վետո դնել պետության որոշումների վրա։ Սա փորագրված է քարի վրա։ Հետևաբար՝ ոչ մի հատուկ կարգավիճակ, ինչը դիտարկում Ռուսաստանը, ոչ մի վետոյի իրավունք չի տրվի», - պնդել է Ուկրաինայի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG