Մատչելիության հղումներ

Ահազանգեր ենք ստանում, որ զինվորական կարգապահության վիճակը շատ մտահոգիչ է ԶՈւ-ում. Սաքունց


Քննչական կոմիտեն ավարտել է նոյեմբերի 16-ի արյունալի սահմանային մարտերից հետո կալանավորված ևս 3 զինծառայողների մասով նախաքննությունը։ Նրանք, ինչպես մյուս 5 զինվորականները մեղադրվում են մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստանի տարածք։

Հաղորդագրությունում նշված են միայն 3 զինծառայողների անվան սկզբնատառերը և զինվորական կոչումները՝ երկուսը մայոր են, մեկը` պայմանագրային զինծառայող:

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը ևս անունները չբացահայտեց՝ տեղեկացնելով միայն. «3 կալանավորների գործն ուղարկվել է դատարան»:

Նոյեմբերյան մարտերի ժամանակ գերեվարված 32 զինվորականներից 6-ը դեռ պահվում են Ադրբեջանում: Հայրենադարձվածներից 8-ը մեղադրյալներ են։ Եթե դատախազությունը հաստատի նրանց մեղադրական եզրակացությունը, զինվորականները կկանգնեն դատարանի առաջ։ Մարտական ծառայությունները խախտելու հոդվածով նրանց սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Հենց նոյեմբերյան մարտերից հետո էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը հայտարարել. «Գիտե՞ք` ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել»։ Ավելի վաղ էլ վարչապետ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնի մոտ խոսել, թե դեռ պետք է քննությունը պարզի նրանց գերեվարման հանգամանքները։

Ի դեպ, Քննչական կոմիտեն մեկ այլ հաղորդագրությամբ ուշագրավ մանրամասներ է հաղորդում անցած տարի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված գործերի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ 2020 թվականի համեմատ քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ գրեթե 57 տոկոսով։ Ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, ընդ որում զինվորական հանցագործություների մեջ մեղադրվողների կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ են։

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որ տևական ժամանակ է` զբաղվում է նաև բանակի խնդիրներով, ուղիղ համեմատական է տանում զինվորական հանցագործությունների թվի աճի և զինվորական ծառայութան կազմակերպման գործընթացի միջև. հատկապես ժամկետայինների ներգրավվածությունը զինվորական հանցագործությունների մեջ, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ԶՈւ Գլխավոր շտաբն ունի լուրջ թերություններ:

«Հրամանատարները, սպաները կամ դրանց թվի հետ կապված խնդիր ունեն, կամ դրանց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ կապված խնդիր ունեն, բոլոր դեպքերում մենք նման ահազանգեր ստանում ենք, որ զինվորական կարգապահության վիճակը շատ մտահոգիչ է ներկայումս Զինված ուժերում: Այնպես որ, քրեական պատասխանատվության ենթարկելու գործիքները կամ պրակտիկան չեն կարող իրավիճակը լուծել, կարգավորել, կամ այն խնդիրները, որ ունի Զինված ուժերը, դրանցով լուծվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:


Այս քրեական գործերի պատկերն ուղղակի վկայում է հրամանատարների ոչ պատշաճ աշխատանքի մասին. Սաքունց

Հատկապես պատերազմից հետո, Սաքունցի պնդմամբ, շատ կարևոր է մթնոլորտի փոփոխությունը։ Ընդգծում է՝ այսօր բանակում դեռ շարունակում են ծառայել 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորականները, և նրանց հոգեբանական վերականգնման աշխատանքները մեծ ջանքեր են պահանջում, որը, իրավապաշտպանի գնահատմամբ, պատշաճ չի կատարվում։

«Երբ որ պարտադիր զինծառայողներին են միայն մեղավոր ճանաչում, իսկ մենք նախորդ տարիների մեր քրեական գործերում, որոնք ներգրավված ենք, պրակտիկան ցույց է տալիս, որ ցավոք սրտի, նաև քրեական գործերի քննության ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվում հենց հրամանատարների պատասխանատվության հարցին, իսկ դրանք ավելի ևս սրվել են և ավելի ակտուալ են դարձել պատերազմից հետո, ապա այս քրեական գործերի պատկերը հենց ուղղակի վկայում է հրամանատարների ոչ պատշաճ աշխատանքի մասին», - շեշտեց իրավապաշտպանը:

Որպեսզի բանակում առաջացած խնդիրները հետո քրեական գործեր չդառնան, պետք է դրան նպաստող գործոնները, պատճառները վերացնել։ Ըստ Սաքունցի՝ թեև բանակում բարեփոխումների մասին հայտարարվել է, կառավարությունը գործողությունների ծրագիր է ներկայացրել, սակայն իրենց դիտարկումները հակառակն են փաստում՝ էական փոփոխություններ դեռ չեն նկատվում։

Ի դեպ, իր վերջին ասուլիսում անդրադառնալով Զինված ուժերի բարեփոխմանը, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե ճիշտ չի համարում այդ մասին ուղիղ եթերում խոսելը, միևնույն ժամանակ վստահեցրեց՝ Հայաստանը գնում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG