Ռուսները հերքում են պատերազմին պատրաստվելու լուրը, սակայն շարունակում ենք զորք ու տեխնիկա մոտեցնել Ուկրաինայի հետ սահմանին:
Ավելին, ռուսական կողմը վերջին շաբաթների ընթացքում հզորացնում է Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի ռուսամետ անջատականների զինված ստորաբաժանումները: Այդ է պնդում Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, որի տվյալներով, անջատականները հունվարի սկզբից Ռուսաստանից ստացել են ավելի քան 7 հազար տոննա դիզվառելիք, հրասայլեր, ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ տեխնիկա և զինամթերք:
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնում է, որ Ռուսաստանի տարածքում ստեղծվել են հավաքագրման կենտրոններ, որտեղ այս օրերին գրանցում են վարձկաններին: Այդ մարդկանց նախ փոխադրում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանք ակտիվ վարժանքների են մասնակցում, ապա ուղարկում են Դոնբասի ու Լուգանսկի շրջաններ:
Այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություններ են ստացվում Ուկրաինայի սահմանի մոտակայքում Ռուսաստանի խոշոր զորամիավորումների տեղակայման մասին:
Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի վերլուծաբանների կարծիքով, այս ամենը վկայում է ռուսների կողմից ռազմական հզոր արշավ ծրագրելու մասին:
Վաշինգտոնն արդեն հայտնել է, որ «նույնիսկ եթե մեկ ռուսաստանցի զինվոր հատի Ուկրաինայի սահմանը՝ դա կհամարվի ներխուժում և կհանգեցնի Մոսկվայի համար ծանրագույն հետևանքների»:
Ի դեպ, ռուսները մի հզոր զորախումբ էլ հիմա ստեղծում են Բելառուսի տարածքում, որտեղ երկու երկրները փետրվարին պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն:
Փորձագետների համոզմամբ, եթե բանը հասնի լայնածավալ պատերազմի՝ ռուսները կարող են Ուկրաինա ներխուժել ոչ միայն բուն Դոնբասի շրջանին սպառնացող արևելյան հատվածից, այլև հարավում՝ բռնազավթված Ղրիմից և հյուսիսում՝ Բելառուսից:
Մոսկվան կտրականապես հերքում է Ուկրաինայի վրա հարձակման պատրաստվելու լուրը, բայց և ընդգծում, որ ոչ մի պարագայում չի կարող անտարբեր մնալ Ուկրաինայի արևելյան հատվածում ապրող ծագումով, լեզվով, մտածելակերպով, դաստիարակությամբ, ազգային ինքնությամբ իրենց ռուս համարող մարդկանց ճակատագրի հանդեպ:
Մոսկվան պնդում է, որ մոտալուտ պատերազմի մասին ասեկոսեները տարածում են Կիևը և Արևմուտքը, և դրա նպատակն է պատրվակ ստեղծել Դոնբասի վրա հարձակվելու համար: Դրա մասին է անցյալ տարեվերջի մեծ ասուլիսում խոսել նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսպես կոչված «Դոնբասի ժողովրդական հանրապետության» անջատականները պնդում են, որ Ուկրաինան Դոնբասի շրջան է փոխադրել 8 միավոր «Սմերչ» և «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ հրթիռակայանքներ և դա համարում են «տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողություններ նախապատրաստելու ապացույց»: Կիևը պնդում է, որ պատերազմելու մտադրություն չունի:
«Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը, հաղորդում է, որ Հեռավոր Արևելքից երկաթուղով Բելառուս է փոխադրվում Ս-400 «Տրիումֆ» տեսակի հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոն:
Ըստ նախարարության, «հասնելով Բելառուս՝ դիվիզիոնները կսկսեն տեղում կատարել ուսումնական խնդիրները, տեխնիկական սպասարկումը և ապա կանցնեն հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության»:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը և Conflict Intelligence Team վերլուծական կենտրոնը համատեղ ջանքերով ամփոփել են ռուսական սոցիալական տարբեր ցանցերում տեղ գտած բազմաթիվ նյութեր, լուսանկարներ, տեսագրություններ և գրառումներ:
Ահա մի քանի տիպիկ հաղորդագրություն՝ «Գնում ենք կռիվ», «Մեկնում ենք Բելառուս, այնտեղից էլ... դե կարող եք կռահել», «Ամուսինս հունվարի 7-ին մեկնեց Բելառուս», «Ողջույն, դեռ Բելառուսում ենք, վերջին կանգառը չգիտենք, ի՞նչ կլինի»: «Ամուսնուս ծառայակիցների հետ Անդբայլկալից Բրեստ են գործուղել, 11 օրում տեղ հասան»: «Ողջույն, այո, Բելառուսում եմ, ես 69-րդ բրիգադի տանկիստ եմ», «Ընկերս դեսանտային է, ասաց՝ Ուկրաինա են տանում»:
Այս և նմանօրինակ բազում այլ գրառումներ վկայում են, որ այս ժամանակաշրջանում իսկապես մի հսկայական ռազմական մեծ ուժ է ուղղություն վերցրել դեպի Ուկրաինա:
Դա են ապացուցում նաև ուկրաինական և արևմտյան հետախուզական կառույցների հայթայթած տվյալները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հայրենակիցներին կոչ է արել «խուճապի չմատնվել»: