Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեղադրել է Գերմանիային «միասնությունը խաթարելու» և «Վլադիմիր Պուտինին խրախուսելու» մեջ՝ հրաժարվելով Կիևին զենք մատակարարել՝ ռուսական հնարավոր ներխուժման մտավախությունների ֆոնին:
Կուլեբան Թվիթերում գրել է, որ «Գերմանիայի վերջին հայտարարությունները Ուկրաինային պաշտպանական զենք փոխանցելու անհնարինության մասին չեն համապատասխանում» երկու երկրների հարաբերությունների մակարդակին և «անվտանգության ներկա իրավիճակին»։
Կուլեբան ասել է, որ Կիևը երախտապարտ է Բեռլինին՝ 2014 թվականից ի վեր աջակցության համար, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և բռնակցեց Ղրիմի թերակղզին, միաժամանակ հավելել` «Գերմանիայի ներկայիս փակուղային իրավիճակը հիասթափեցնող է և հակասում է այդ աջակցությանը և ջանքերին»:
Գերմանիայի պաշտպանության նախարարը երեկ տեղեկացրել է, որ Բեռլինը փետրվարին դաշտային հոսպիտալ կուղարկի Ուկրաինա, սակայն հրաժարվում է զենքի մատակարարումից։ «Զենքի մատակարարումն այս պահին օգտակար չի լինի, դա դաշնային կառավարության կոնսենսուսն է», - ասել է Լամբրեխտը:
Ուկրաինական սահմանների երկայնքում կուտակված 127 հազար ռուս զինվորականների առկայության պայմաններում` Կիևը խնդրել է Բեռլինին տրամադրել սաղավարտներ և պաշտպանիչ բաճկոններ, ինչպես նաև վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում: