Միացյալ Նահանգները շարունակում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին։
«Հենց հիմա մենք ուկրաինական կողմին լրացուցիչ օգնություն ենք ուղարկում անվտանգության բնագավառում», - ասել է նա լրագրողներին։ - «Ինքնաթիռները թռչում են և վայրէջք կատարում Կիևում: Այնպես որ՝ մենք գործում ենք»:
ԱՄՆ-ը նաև ակտիվորեն երկխոսություն է վարում Եվրոպայում դաշնակիցների և գործընկերների հետ այն մասին, թե ինչ պետք է անել նրանց պաշտպանական կարողությունները բարելավելու համար:
Ռուսաստանը զորքերի զգալի խմբավորում է կենտրոնացրել իր տարածքում և Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Զորքերի թիվը շարունակում է աճել։
Մոսկվան «շարունակում է զարգացնել իր ռազմական կարողությունները Ռուսաստանի արևմուտքում և Բելառուսում», - ասել է Քըրբին:
«Մենք դեէսկալացիայի նշաններ չենք տեսնում», - հավելել է Պենտագոնի խոսնակը: