Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է «անպիտան հրթիռների» գործով առաջին դատական նիստը


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորումից ավելի քան երեքուկես ամիս անց, այսօր կմեկնարկի «անպիտան հրթիռների» գործով առաջին դատական նիստը։

Մինչ դատավարության մեկնարկը, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբանները հայտարարություն են տարածել, վերահաստատում են Տոնոյանի պահանջը՝ նիստերը դռնբաց անցկացնել՝ հրապարակային քննություն ապահովելու համար։

«Մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին», - հայտարարում են փաստաբանները՝ շեշտելով, որ իրենց համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարի պաշտպանները պնդում են՝ բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունն ու տարբեր շրջանակներ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը:

Տոնոյանը չի ընդունում, թե հրթիռներն անպիտան են եղել։ Ավելի վաղ հայտարարել էր, որ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով:

Վերջերս հայտնի դարձավ, որ նույն քրեական գործում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում մեկ անգամ պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Դավթյանը, չնայած քրեական հետապնդմանը, շարունակում է պաշտոնավարել, մինչդեռ նրա արդեն նախկին տեղակալը քանի ամիս է՝ կալանավայրում է։ Գլխավոր շտաբի պետը դեռ հրաժարվում է մեկնաբանություններից։

«Անպիտան հրիթիռներ» անունը ստացած քրեական գործով ներկա ու նախկին այլ բարձաստիճան զինվորականներ են անցնում, նույն գործում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև բանակին զինամթերք մատակարարած «Պատրոն» Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։

Գլխավոր դատախազությունից օրերես հայտնեցին՝ նախաքննությամբ պարզվել է, թե Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Դա, ըստ գերատեսչության, արվել է Պաշտպանության նախարարության հանդեպ Դավիթ Գալստյանի ընկերության ունեցած ֆինանսական պարտավորությունը մարելու նպատակով։

Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն, պնդում են դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայությանն ավելի վաղ հայտատարել էր, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG