Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվել է։ Դատարանը, ժամեր շարունակ քննելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը, երեկ ուշ երեկոյան հրապարակեց որոշումը։
54-ամյա Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։ Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Քրեական գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք արդեն իսկ հերքում են առաջադրված մեղադրանքը։ Քննության հետագա փուլերում արդեն իսկ պարզ կլինի, թե որ իրավասու մարմինը ինչպես կգնահատի դա», - նշեց Հովհաննիսյանը։
Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ պատրաստվում են Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել որոշումը. հիմնավոր չեն համարում կալանավորման համար ներկայացված հիմքերը, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Տոնոյանը կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել քննությանը։
«Կալանավորման ինչպես պայմանը, այնպես էլ հիմքերը առկա չեն եղել», - ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդեց, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։
Այս քրեական գործի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս էր հայտնել։ Խոսքը բանակին ժամկետանց հրթիռներ վաճառելու մասին է։
«Մեր մոտ դեժավյու է»
Մեղադրանքը չի ընդունում նաև Դավիթ Գալստյանը։ Վերջինս մեղադրյալ է նաև մեկ այլ՝ կրկին զինամթերքի մատակարարման չարաշահումներին առնչվող քրեական գործով։
«Մեր մոտ դեժավյու է, որովհետև, ինչպես և նախորդ մեղադրանքի ժամանակ, բացարձակ անհիմն մեղադրանք է ներկայացված՝ որևէ փաստական տվյալով չհիմնավորված, բացարձակ ենթադրությունների վրա հիմնված։ Նույն պատմությունը կրկնվում է, այսպես ասեմ», - ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Դատարանը երեկ շուրջ 8 ժամ քննեց նաև Դավիթ Գալստյանի կալանավորման հարցը, նա ևս կալանավորվեց։
ԱԱԾ-ը դեռ օրեր առաջ հայտնել էր, որ այս քրեական գործի շրջանակներում Զինված ուժերի ավիացիայի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել, և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Երեկվա հաղորդագրությամբ էլ տեղեկացրեց՝ քրեական հետապնդումներ են հարուցվել Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ՝ առանց անուններ նշելու։