Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրավիրվել են ԱԱԾ


Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի տեղակալ Ստեփան Գալստյանն երեկ հրավիրել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին երեկ երեկոյան «Ազատությանը» հայտնեց ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Ասատրյանը հրաժարվեց այլ տեղեկություն տրամադրել։

Սամվել Ասատրյան, արխիվ
Սամվել Ասատրյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական ծառայությունն երեկ օրվա ընթացքում այդպես էլ անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։

«Ազատության» հավաստի աղբյուրի փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին և նախկին այլ բարձրաստիճան սպաների ԱԱԾ հրավիրելու մասին լուրը երեկ օրվա ընթացքում հաղորդել էր «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով նաև, որ մինչ այդ խուզարկել էին նրանց բնակարանները։

«Ազատության» նկարահանող խումբը երեկ այցելեց Տոնոյանի գրանցման վայր, սակայն բնակարանի դուռը ոչ ոք չբացեց։

Ըստ հրապարակումների, խուզարկությունները կապված են անորակ հրթիռների քրեական գործի հետ։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ այդ գործով ձերբակալված Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը տեղյակ է եղել, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնց ժամկետներն անցած են եղել, սակայն, սա չի խանգարել զինվորականին գնել անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4․7 միլիոն դոլար։

Այս հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել՝ հաղորդել էր ԱԱԾ-ն ու հավելել՝ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։

ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե որ բարձրաստիճան զինվորականի մասին է խոսքը։ 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:

«Բանակում կոռուպցիայի դեմ պայքարը ամենևին էլ նկատելի չէ»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով տարիներ է ինչ զբաղվում է բանակում առկա կոռուպցիոն երևույթներով, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության բազամթիվ խոստումներին, բանակում կոռուպցիայի դեմ պայքարը ամենևին էլ նկատելի չէ։

«Դժվարանում եմ ասել, որ ակնհայտ երևացող պայքար կա կառուպցիայի դեմ բանակում։ Հանցագործությունները շարունակվում են, գիտեք, որ շատ դեպքերում դրանք կոռուպցիոն հիմքեր ունեն, դա մեր աշխատանքի փորձն է տարիներ շարունակ ցույց տվել, բազմաթիվ հարցեր կան նաև, որ ես լսել եմ, որ փաստաբաններն էին հայտարարում, և սա կապվում էր Տոնոյանի հետ, Տոնոյանի՝ նախարար եղած ժամանակահատվածի հետ և այլն, այնպես որ, եթե պայքարում են կոռուպցիայի դեմ, մենք պետք է իմանանք էդ ամեն ինչի մասին, հանրությունը պետք է տեղյակ լինի՝ ինչպիսի քննություն են տանում, կամ ինչպիսի քննություն չեն տանում, ինչու Տոնոյանը տևական ժամանակ է չի կանչվում Քննչական կոմիտե, գուցե էդ մարդը որևէ առնչություն չունի՞ ի վերջո», - ասաց Ալեքսանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG