Մատչելիության հղումներ

Հայաստանում վերջին օրերին արձանագրվում է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ


Վերջին օրերին արձանագրվում է քովիդով վարակվածության նոր դեպքերի աճ: Եթե հունվարի 3-ին Հայաստանում արձանագրվել էր 29 նոր դեպք, ապա երեք օր անց այդ թիվը հասել էր 134-ի, իսկ երեկ և դրան նախորդող օրերին անցել 200-ից։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնյա Ռոմելլա Աբովյանն անհանգստացած է՝ Եվրամիության չափանիշներով՝ Հայաստանը համաճարակային կանաչ գոտուց մի քանի օրում կրկին հասել է վտանգավոր նարնջագույն գոտի, հաջորդն ամենավտանգավոր կարմիր գոտին է։

«Ունենք աճ նաև վարակի վերարտադրողական ցուցանիշի, 14 օրվա հաշվարկով այն կազմում է 2.4, ինչը մենք չենք ունեցել երբեք, մեր վարակի վերարտադրողական ցուցանիշը ամենաբարձրը եղել է 1.8, երկու շաբաթ առաջ եղել է 0.9, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերն արագացել են», - ասաց Աբովյանը:

«Դելտա» շտամից ավելի արագ տարածվող՝ «օմիկրոն»-ով պայմանավորված, համաճարակային վիճակն, ըստ մասնագետների, ամբողջ աշխարհում է այս պահին լարված։ Առողջապահության նախարարությունից չեն բացառում, որ Հայաստանում նոր դեպքերի թվի աճը նույնպես նույն հանգամանքով է պայմանավորված։ Օրերս Հայաստանում «օմիկրոն»-ով վարակվածության երկու դեպք էր արձանագրվել, դա հաստատելու համար բավականին ծախսատար և լաբորատոր բարդ ստուգումներ են կատարվել, ասաց Ռոմելլա Աբովյանը։

Ըստ ՀՎԿԱԿ մասնագետի՝ քովիդի նոր դեպքերի թվերը նվազել էին պատվաստումների և դպրոցական արձակուրդների հաշվին, բայց համաճարակային կանոնների խախտումներով կազմակերպվող ամանորյա միջոցառումներն իրենց գործն արեցին։ Այս պահին հիվանդության աճ է գրանցվում նաև մանկապատանեկան գրեթե բոլոր խմբերում. «Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում՝ 1.33 անգամ, 6-17-ը՝ 2.3 անգամ, 18-23 տարեկանների շրջանում՝ 1.4 անգամ: Եվրամիության չափանիշներով այս պահին գտնվում ենք արդեն նարնջագույն գոտում»:

Չնայած քովիդի նոր դեպքերի աճին, մահվա՛ն վիճակագրությունն է նվազել։ Մասնագետները սա պատվաստումների ակտիվությամբ են պայմանավորում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուսումնասիրել է՝ Հայաստանում այս պահին քովիդով հիվանդ 3984 քաղաքացիներից 571-ն է պատվաստված, 630 հոսպիտալացվածներից էլ՝ միայն 40-ը։ Վերակենդանացման բաժանմունքներում 27 մարդ է բուժում ստանում, որոնցից ընդամենը 2-ն են պատվաստվել։

Առողջապահության նախարարությունում կարծում են՝ նոր խստացումներն ավելի կարագացնեն պատվաստումների ընթացքը. «Պատվաստման ցուցանիշի բարձրացումը և իր արդյունավետության գնահատումը ժամանակ է պահանջում»:

Եվս մեկ շաբաթ, և հանրային վայրերի մուտքը կարգելվի պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական պատասխան չունեցողների համար։ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ տնտեսվարողները դա ստուգելու բարդություններ չեն ունենա. «Այս բջջային հավելվածը հնարավորություն է տալիս նաև արտատպելու այդ բոլոր փաստաթղթերը և այլն, այսինքն՝ լրացուցիչ սարքավորման անհրաժեշտություն չկա: Ամեն մեկը ցույց է տալիս իր QR կոդը, որ շատ պարզ ու հստակ երևում է»:

Ռեստորանների սեփականատերն ասում է՝ կանոնների խստացումները պետք է նաև մեծ սուպերմարկետներին ու երթուղայիններին վերաբերեն

Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտային կից գործող սննդի կետերից մեկի հիմնադիր Ավո Դադուշյանն ասաց՝ պատրաստ են թեկուզ բիզնեսին վնաս հասցնելով աշխատել այդ սահմանափակումներով, միայն թե արագ հաղթահարեն ճգնաժամն ու առողջ վերադառնան նախկին ակտիվությանը:

Եթե տնտեսվարողը թույլ տա, որ այցելուն ներս մտնի առանց պատվաստման QR կոդի կամ թեստի բացասական պատասխանի, ապա ստուգող մարմինը նրան կտուգանի 100-300 հազար դրամով։ Իսկ եթե մեկ տարվա ընթացքում այդ խախտումը կրկնվի, ապա տուգանքը կկազմի 150-500 հազար դրամ։

Արեգ Գևորգյանը Երևանի կենտրոնում մեծ և փոքր ռեստորաններ ունի, ասաց՝ փոքրում ներս մտնողների պատվաստման կամ թեստավորման փաստը արձանագրելու համար առանձին հաստիք կբացեն, մեծում էլ այդ պարտականությունը հյուրերին դիմավորողները կստանձնեն։ Գործարարը, սակայն, չի պատկերացնում, օրինակ՝ 50-60 հոգանոց խնջույքների դեպքում ինչպե՞ս են այդ ամենն անելու։

«Հնարավոր կլինի՞ դա իրականացնել թե՛ մեր կողմից, թե՛ հյուրի կողմից, կամ եթե առանց ստուգելու վերցնենք այդ նախնական պատվերը, իհարկե, նախնական վճարով, նախապատրաստվենք միջոցառմանը, իսկ հյուրերի գալուն պես պարզվի, օրինակ, հյուրերի կեսը QR կոդ չունի կամ հարսանիքի քավորը QR կոդ չունի, ի՞նչ պիտի անենք այդ դեպքում, մի քիչ բարդ է հասկանալ»,- ասաց Գևորգյանը:

Ռեստորանների սեփականատերն ասում է՝ համաճարակային կանոնների պահպանման խստացումներ պետք է նաև մեծ սուպերմարկետներին ու երթուղայիններին վերաբերեն, հակառակ դեպքում ամեն ինչ ջուրը կընկնի և խստացումների տակ միայն իրենք կմտնեն։ Ի դեպ՝ Հայաստանում բնակչության 26.1 տոկոսն արդեն ամբողջական պատվաստում է ստացել, չնայած սրան միևնույն է Հայաստանը տարածաշրջանում շարունակում է վերջին տեղում մնալ։

XS
SM
MD
LG