Մատչելիության հղումներ

Հունվարի 22-ից հանրային վայրեր այցելելու համար հարկավոր է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք


Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվելու է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։

Երկու շաբաթից ուժի մեջ մտնող պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, պատվաստման հակացուցում ունեցողներին, առավելագույնը երեք ամիս առաջ քովիդով հիվանդացածներին։ Տնտեսվարողն ինքը պետք է ստուգի՝ արդյոք քաղաքացին ունի՞ համապատասխան փաստաթղթերը, թե՝ ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները կվերահսկեն։ Եթե տնտեսվարողը չպահպանի կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվի 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500 հազար դրամով։

«Ազատությունն» այսօր շրջեց Կասկադի մոտ գտնվող սրճարաններով։ Տնտեսվարողներն ընդգծում են, որ քովիդի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, այժմ էլ հավելյալ ռեսուրս ներգրավելու պահանջն արդարացի չեն համարում, ասում են՝ այն միանշանակ բիզնեսին վնաս է հասցնելու։ Նշում են, որ կառավարությունն իրենց հետ քննարկում չի ունեցել, կարծիքները չեն լսել։ Սրճարանների մեծ մասում դեռ տեղյակ չէին, որ երկու շաբաթից արդեն գործելու են նոր կարգավորումները, ու չէին պատկերացնում, թե ինչպես են դա կազմակերպելու։

«Մենք հստակ ինֆորմացիա չունենք՝ ամսի 22-ից ինչ է փոխվում, ոնց է փոխվում ու մենք ինչ պետք է անենք, ոչ մեկը չի եկել ու չի ասել՝ ինչ պիտի լինի», - ասաց սրճարաններից մեկի ներկայացուցիչը:

Ըստ մասնագետների, այս նոր խստացումները կօգնեն խուսափել քովիդի նոր ալիքներից

Առողջապահության նախարարությունում կարծում են, որ այս նոր խստացումները կօգնեն խուսափել քովիդի նոր ալիքներից։

«Եթե մենք դա չիրականացնենք, մենք կունենանք հետագայում... հաշվի առեք՝ «օմիկրոն»-ը շատ ավելի արագ է տարածվում, «դելտա»-ից 5 անգամ ավելի, մեր երկիրը հիմա նախապատրաստվում է ու մենք շատ ժամանակին ու տեղին ենք իրականացրել, որովհետև մենք փաստորեն հրամանի հաստատմանը զուգահեռ հայտնաբերել ենք «օմիկրոն» շտամը, այսինքն՝ մենք տվել ենք հնարավորություն այդ շտամի տեմպերը կանխելու համար», - նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Հայաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակը առաջին անգամ հայտնաբերվեց անցած շաբաթավերջին։ Առողջապահության նախարարությունը հայտնեց նոր շտամի 2 դեպքի մասին, հիվանդներից մեկը եկել էր ԱՄՆ-ից, մյուսը՝ Եգիպտոսից։


Համաճարակաբան Արման Բադալյանը, համոզված է՝ Հայաստանում «օմիկրոն» շտամով վարակվածության դեպքերը միայն այս երկուսով չեն սահմանափակվում։

«Ուղղակի սա այն կետն է, որ փաստացի վկայում է նրա մասին, որ այդ շտամն էլ արդեն կա, ինչպես նախորդին հիշում ենք՝ նույն «դելտա»-ի, բրիտանականի հետ կապված, հիմա էլ «օմիկրոն»-ի հետ կապված արդեն պաշտոնապես հայտարարվում է, բայց դա չի նշանակում՝ հենց այդ օրը հայտնաբերվեց, շատ հավանական է դրանից փոքր առաջ էլ այդ դեպքերը գրանցված լինեին և, բնականաբար, այդ երկու դեպքը չի լինի, կլինի ավելի շատ է: Նաև այդ վերարտադրողական ցուցանիշը, իմ հաշվարկներով, մեկից ավելի է, այսինքն որոշակի ակտիվություն արդեն ունենք, որը խոսում է, ամենայն հավանականությամբ, հենց «օմիկրոն» շտամի տարածվածության մասին», - ասաց Բադալյանը:

Մասնագետների գնահատմամբ՝ «օմիկրոն» ենթատեսակը խիստ վարակիչ է, բայց մեծամասամբ լուրջ հետևանքների չի հանգեցնում։ Ընթանում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով, հազվադեպ թոքաբորբ է առաջացնում։

«Վիրուսը մոտ 70 անգամ ավելի արագ է բազմանում, բայց կան մեխանիզմներ, որոշ գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ ախտահարվածությունը ավելի թույլ է արտահայտված, քան «դելտան», բայց միևնույն է այսօր վերջնական մի եզրահանգման չեն եկել», - ընդգծեց Արման Բադալյանը։

Համաճարակաբանը զգուշացնում է՝ նոր շտամը արդեն նոր ալիք է ձևավորում։ Մասնագետը կարևոր է համարում, որ երկրում խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը, հիվանդանալու դեպքում՝ ինքնամեկուսացումը։ Բադալյանն ասում է՝ սկզբնական շրջանում, քանի դեռ «օմիկրոն»-ը շատ չի տարածվել, առավել կարևոր է կոնտակտավորներին մեկուսացնելը։ Համաճարակաբանի կարծիքով՝ այս նոր շտամի դեպքում ևս պատվաստումները կարող են արդյունավետ լինել։

Բնակչության 25,5 տոկոսի ամբողջական պատվաստման ցուցանիշով, սակայն, Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի հետնապահը։

XS
SM
MD
LG