Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները վաղը կվերադառնան. ՀԱՊԿ-ը դուրս է բերում զորքերը Ղազախստանից


Վաղը` հունվարի 14-ին, հայ խաղաղապահները կվերադառնան Հայաստան։ Ալմաթիում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը ՀԱՊԿ զորախմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարեց, թե ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունը ղազախ բարեկամ ժողովրդին օգնություն ցուցաբերելու նպատակով հաջող ավարտված է:

Այսօրվանից Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սկսել է դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Ղազախստանից:

ՀԱՊԿ ստորաբաժանումների դուրսբերումը Ղազախստանից այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Վերջինս զեկուցել է, թե վաղը 14 ինքնաթիռներով դուրս են բերվելու Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի բոլոր ուժերը, իսկ այնուհետև նաև մինչև հունվարի 19-ը` ՀԱՊԿ մնացած խաղաղապահները։ Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանին: Շոյգուն մասնավորապես ընդգծել էր. «Հայաստանը` որպես նախագահող երկիր, բնականաբար, պետք է հիմնական դեր խաղար բոլոր փաստաթղթային որոշումների պատրաստման գործում։ Այս ամենն արվել է»:

Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ցույցեր էին սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել էին ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ ՀԱՊԿ-ը, Ղազախստանի նախագահի խնդրանքով, հունվարի 6-ից սկսել է խաղաղապահ առաքելությունը երկրում։

Հինգ օր անց՝ հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շատերի համար անսպասելի հայատարեց, թե Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը հաջողությամբ ավարտվել է և կազմակերպության ուժերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին։ Ավելին՝ Տոկաևը նաև ընդգծել էր, թե ՀԱՊԿ զորքերի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր։

«ՀԱՊԿ ուժերի հիմնական առաքելությունն ավարտված է, և երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի փուլային դուրսբերումը, որը կտևի ոչ ավելի, քան տասը օր», - հայտարարեց Ղազախստանի նախագահը։

«Ղազախստանի համար կարևորը ոչ այնքան ռազմական, որքան բարոյական աջակցությունն էր»

Ու թեև համացանցում հեգնում են, թե ՀԱՊԿ առաջին խաղաղապահ առաքելությունը պատմությանը հայտնի ամենակարճ խաղաղապահ գործողությունն էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զյասն այսօր հայտարարեց, թե Ղազախստանի համար կարևորը ոչ այնքան ռազմական, որքան բարոյական աջակցությունն էր։

«Ղազախստանի համար սկզբունքային նշանակություն ուներ ոչ միայն ռազմական, այլև, նախևառաջ, ՀԱՊԿ դաշնակիցների բարոյական աջակցությունը, որն անմիջապես ցուցաբերվեց: Հավաքական անվտանգության խորհրդի կողմից օգնություն ցուցաբերելու որոշումից մի քանի ժամ անց Հավաքական խաղաղապահ ուժերն արդեն թռչել են Ղազախստան», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ավելին, Զյասի խոսքով, ղազախստանյան իրադարձություններից հետո սկսվել է ՀԱՊԿ-ի նոր պատմությունը․ - «Տեղի ունեցած իրադարձությունները շրջադարձային են դարձել մեր կազմակերպության զարգացման համար, որը նոր որակներ է ձեռք բերել որպես ուժեղ միջազգային կառույց: ՀԱՊԿ-ն, իսկապես, գործող մեխանիզմ է՝ մեր պետությունների կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար»։

Ղազախստանի իշխանությունները շնորհակալություն են հայտնում ՀԱՊԿ-ին, նշելով, թե խաղաղապահ ուժերի օգնությամբ, մասնավորապես, հաջողվել է ազատել Ալմաթիի օդանվակայանը, նրանց խոսքով, ահաբեկիչներից, և որ հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է երկրի շրջանների մեծ մասում։

Ղազախստանում զոհվածների ստույգ թիվն այսօր էլ հայտնի չէ

Անկարգությունների արդյունքում զոհվածների ստույգ թիվը այսօր էլ մնում է անհայտ, ինչպես նաև անհայտ է մնում է, թե ինչ ահաբեկիչների մասին է խոսում իշխնությունը և ինչ դրսի ուժեր են նրանց հետևում։ Երկրի կառավարությունը հայտարարում էր164 զոհվածի մասին, սակայն հետո հերքեց այս տեղեկությունը։

Ղազախստանի նախագահն այդուամենայնիվ շարունակում է պնդել, թե հարյուրավոր խաղաղ բնակիչներ և անվտանգության ուժեր են զոհվել և վիրավորվել, իսկ ցույցերի հետևում կանգնած էին «օտարերկրյա ահաբեկիչներ», որոնք փորձում էին հեղաշրջում իրականացնել։

Ըստ վերլուծաբանների, Ղազախստանում իշխանության պայքար է ընթանում գործող և նախկին նախագահների միջև

Սակայն, վերլուծաբանները կարծում են, թե իրականում Ղազախստանում իշխանության համար պայքար է ընթանում գործող նախագահի և նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմնակիցների միջև: Նախկին նախագահը 2019 թվականին հրաժարական տալուց հետո մինչև հունվարյան այս իրադարձությունները մնում էր երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, իսկ բողոքի ակցիաներն էլ անցնում էին «ծերուկ հեռացիր» կարգախոսի ներքո։

Տոկաևը, ցրելով կառավարությունը, ստանձնեց նաև Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որ մինչ այդ Նազարբաևն էր զբաղեցնում և հեռացրեց Նազարբաևի վաղեմի դաշնակից, հսկայական ազդեցություն ունեցող Քարիմ Մասիմովին Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնից, ում այնուհետև կալանավորել են դավաճանության կասկածանքով։ Անվտանգության մի քանի այլ աշխատակիցներ բերման են ենթարկվել, մի քանիսը՝ ինքնասպան եղել։

Արևմուտքը կոչ էր անում ՀԱՊԿ-ին դուրս բերել զորքերը Ղազախստանից։ Միանշանակ չէր նաև երկրում լուրջ ազդեցություն ունեցող Չինաստանի և Թուրքիայի դիրքորոշումը ՀԱՊԿ զորքերը Ղազախստանում տեղակայելու վերաբերյալ, սակայն պաշտոնական Անկարան և Պեկինը զուսպ հայտարարություններ էին անում, նշելով, թե պատրաստ են աջակցել Ղազախստանի իշխանություններին՝ երկրում կարգ ու կանոնը վերականգնելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG