Մատչելիության հղումներ

Ալմաթիում հայ խաղաղապահները ապահովում են ջրակայանի ու հացի գործարանի անվտանգությունը


Հայ խաղաղապահները մեկնում են Ղազախստան, արխիվ
Հայ խաղաղապահները մեկնում են Ղազախստան, արխիվ

Ղազախստանում հայ խաղաղապահների հիմնական խնդիրներից մեկը Ալմաթիի խմելու ջրատարի պահպանությունն է, որպեսզի ահաբեկիչները չթունավորեն այն։ Այսօր լրագրողներին ասել է Հայաստանից Ղազախստան մեկնած ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը։

«Հիմնական խնդիրներից մեկը «Դրուժբա» ջրատարում ջրի թունավորումը կանխելն է», - ասել է նա, նշելով, որ ջրակայանը ռազմավարական օբյեկտ է և այն թունավորելու ահաբեկչական սպառնալիք կար։

Հայ խաղաղապահները ապահովում են նաև հացի մեծ գործարանի անվտանգությունը։

Ղազախստանի, ինչպես նաև Ղարաբաղի իրավիճակի շուրջ այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ը նախագահում է Հայաստանը, տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողության ընթացքի շուրջ։ Նշվել է խաղաղապահ ուժերի գործողությունների արդյունավետ համակարգումը, նպաստելով Ղազախստանում իրավիճակի նորմալացմանը։

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակն ու Ռուսատանի, Ադրբեջանի, Հայաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021- հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված համաձայնությունների իրականացման որոշ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով շարունակել շփումները, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի առաքելության ավարտի մասին այդ երկրի նախագահի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել է․ «Մենք ողջունում ենք Ալմաթիում կայունության մասին հաղորդումները։ Մենք նաև ողջունում ենք նախագահ Տոկաևի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ավարտել են իրենց առաքելությունը»:

Միաժամանակ Նեդ Փրայսն ընդգծել է․ «Քանի դեռ գործընթացը լիովին չի ավարտվել և ՀԱԿՊ-ի ուժերը դուրս չեն բերվել, մենք կշարունակենք կոչ անել ՀԱՊԿ-ին, հավաքական խաղաղապահ ուժերին՝ հարգել մարդու միջազգային իրավունքները և իրագործել իրենց հանձնառությունը, ինչպես Ղազախստանի կառավարությունն է խնդրել, անհապաղ հեռանալ Ղազախստանից»։

Ղազախստանում, երկրի նախագահի կողմից հայտարարված հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Ալմաթիում մեկ օրում 1700 մարդ բերման է ենթարկվել, իրավապահները պնդում են, որ նրանցից առգրավել են 36 միավոր հրազենից ու գրեթե մեկուկես հազար զինամթերք։

Ղազախստանում ձերբակալվածների ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարի։

Անկարգությունների ընթացքում ամենաարյունալի բախումները տեղի են ունեցել երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում։ Իրավիճակի կայունացումից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր ժամանել է Ալմաթիի։ Նրա մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Տոկաևը Ալմաթիում մասնակցել է օպերատիվ շտաբի նիստին, հանդիպել է զոհված ոստիկանների, զինծառայողների հարազատներին։

Այսօր Ղազախստանի նոր կառավարությունը ստանձնեց իր լիազորությունները

Ղազախստանի նոր վարչապետ Ալիխան Սմաիլովն անցկացրել է կառավարության նիստ, 12-ը հունվարի, 2022 թ.
Ղազախստանի նոր վարչապետ Ալիխան Սմաիլովն անցկացրել է կառավարության նիստ, 12-ը հունվարի, 2022 թ.

Այսօր Ղազախստանի նոր կառավարությունը երդմնակալության արարողությամբ ստանձնեց իր լիազորությունները։ Նոր վարչապետը 49-ամյա Ալիխան Սմաիլովն է։ Ղազախստանի նախկին կառավարությունը հրաժարական էր տվել հունվարի 5-ին, ամենաթեժ բախումների ժամանակ։

Ղազախստանցի մի շարք փորձագետներ գտնում են, որ Տոկաևը պետական ապարատը մաքրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մերձավորներից։

Երկում իրավիճակի նորմալացման մասին նաև հաղորդվում է, որ հունվարի13-ից Ալմաթիի օդանավակայանը կսկսի կանոնավոր գործել:

Հունվարի սկզբին Ղազախստանում բռնկված սոցիալական բնույթի բողոքի ակցիաները արագորեն վերածվեցին անկարգությունների ու բախումների։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թիվը հասել է 164-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Հունվարի 6-ին Տոկաևը դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։

XS
SM
MD
LG