Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ է անցկացվելու, որտեղ քննարկվելու է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ուժերը դուրս բերելու ժամանակացույցը։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ-ի խաղաղապահ հավաքական ուժերի դուրսբերման կարգը հաստատվելու է պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվելու է սույն թվականի հունվարի 13-ին տեսահամաժողովի ռեժիմով», - ասել է նա։
Զայնետդինովի փոխանցմամբ՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է, որ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումը, որով նա խնդրում է հանձնարարություն տալ 2022 թվականի հունվարի 13-ին Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության ավարտի մասին։
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունում պատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը և հաստատման համար ուղարկվել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարներին»,- երեկ ասել է Վլադիմիր Զայնետդինովը։
Նախօրեին Նուր-Սուլթանում Ղազախստանի նախագահ Տոկաևը հանդիպել էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին և հայտարարել ՀԱՊԿ-ի առաքելության ավարտի մասին, խաղաղապահները Ղազախստանից դուրս են բերվելու 10 օրվա ընթացքում։
Պաշտոնական տվյալներով՝ Ղազախստան են մտել ՀԱՊԿ-ի 2030 զինծառայող և 250 միավոր ռազմական տեխնիկա։ Նրանց մեծ մասը Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի ստորաբաժանումներ են։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել 100 զինծառայող։
Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը, ով նշանակվել էր Ղազախստանում ՀԱՊԿ-ի ուժերի համանատար, նախօրեին ասել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ-ի խաղապահները դուրս են բերվելու ռուսական ռազմական ավիացիայով։
ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան էին տեղափոխվել ռուսական ավելի քան յոթ տասնյակ ռազմատրանսպորտային օդանավերի թռիչքներով։