Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր տեսակապով դիմել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներին և հայտնել ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին։ Նրա փոխանցմամբ՝ դուրսբերումը կմեկնարկի հունվարի 13-ին և կիրականացվի տասնօրյա ժամկետում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստորաբաժանումները նպաստել են իրավիճակի կարգավորմանը՝ հսկողության տակ առնելով առավել կարևոր նշանակություն ունեցող ռազմավարական կենտրոններն ու հիմնարկները:
Զանգվածային բողոքները Ղազախստանում մեկնարկել են տարեսկզբին, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը կրկնապատկելու որոշումը: Հետագայում այն չեղարկվել է, սակայն բողոքի ակցիաները ծավալվել և շարունակվել են, տեղի են ունեցել ընդհարումներ, հարձակումներ պետական կառույցների, ինչպես նաև խանութների, բանկերի, մասնավոր և պետական այլ հիմնարկների վրա: Բախումներում սպանվել են առնվազն 160 մարդիկ, նրանց թվում՝ մոտ երկու տասնյակ իրավապահներ: Ստույգ թիվը դեռ չի հրապարակվել և կարող է էապես գերազանցել 160-ը:
Տոկաևը «պետական հեղաշրջում» է որակել գրոհները: Նա ասել է, որ այյս բոլոր անկարգությունները կազմակերպել են ահաբեկիչները, որոնց թվում եղել են օտարերկրացիներ: Նրա խոսքով՝ հեղաշրջման փորձը կազմակերպվել և ղեկավարվել է մեկ կենտրոնից:
Տոկաևն այսօրվա դրությամբ կոնկրետ փաստեր չի ներկայացրել և անուններ չի նշել: Նա դիմել է ՀԱՊԿ երկրների օգնությանը, և կառույցը շատ արագ արձագանքել ու Ղազախստան է ուղարկել հազարավոր խաղաղապահների, որոնց թվում կան նաև 100 զինծառայողներ Հայաստանից: Հիմնական ուժերը Ռուսաստանից են մեկնել Ղազախստան:
ՀԱՊԿ լիդերներից Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն անվերապահորեն ընդունել են Տոկաևի ներկայացրած փաստարկները, նշելով, որ Ղազախստանում գրոհայինները «գունավոր հեղափոխության» ռազմավարությամբ են գործել։
«Ակտիվորեն օգտագործվել են Մայդաններին բնորոշ բողոքների ուժային և տեղեկատվական աջակցության տարրերը: Եղել են գրոհայինների խմբեր, որոնք մարզվել են արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում, ես ամբողջովին համաձայն եմ նախագահ Տոկաևի այն պնդմանը, որ փաստորեն դա հարձակում էր Ղազախստանի վրա», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Բելառուսի ղեկավարն էլ նշել է, որ անհրաժեշտ է հզորացնել ՀԱՊԿ-ը, հանգիստ և հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ։ «Շատ կարևոր է շարժունակություն և արագություն ապահովել, պատկերավոր ասած՝ մենք չպետք է ամաչենք այդ հարցում ինչ-որ մեկից, Արևմուտքից, Ամերիկայից և ուրիշներից», - ասել է Լուկաշենկոն:
Իր այսօրվա ուղերձում Ղազախստանի նախագահը հավաստիացրել է, որ երկրում տեղի կունենան կարևոր բարեփոխումներ: Զանգվածային բողոքի առիթ դարձած հանգամանքներն անպայման կվերլուծվեն, թերացած պաշտոնյաները կպատժվեն, ամեն ինչ կարվի սոցիալական ծանր վիճակում գտնվողներին սատարելու համար: Նախարարների, պատգամավորների և շրջանների ղեկավարների աշխատավարձն առաջիկա հինգ տարում չի բարձրացվի, փոխարենը՝ միջոցներ կձեռնարկվեն բնակչության եկամուտը բարձրացնելու համար:
Այս տարվա սեպտեմբերին Տոկաևը մտադիր է հանրությանը ներկայացնել Ղազախստանում քաղաքական բարեփոխումների մեծ փաթեթ: