Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր խմբակցությունից ՀԱՊԿ-ին դիմելու կոչ է հնչում, իշխանականից հակադարձում են՝ «կարիքը չկա»


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից սահմանին արյունալի սրացումներից հետո իշխանությանը կոչ է հնչում՝ դիմել ՀԱՊԿ-ին։ Պատգամավոր Արամ Վարդևանյանը չի մոռացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե ղազախական դեպքերի ժամանակ կառույցում նախագահող Հայաստանը առաջին անգամ աշխատեցրել է ՀԱՊԿ մեխանիզմները։

«Ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի և հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն», - նշել է Գրիգորյանը:

Պաշտոնապես հայտարարվել է՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցել են ադրբեջանական ուժեր, դատախազությունը տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, ՀԱՊԿ-ին դիմելու իրավական բոլոր հիմքերը կան, պնդում է Վարդևանյանը։

«Երբ դիտարկում ենք Ղազախստանի իրավիճակը, այնտեղ ամեն դեպքում դեռևս հստակ չէ, թե որ պետության, կամ պետությունների միավորումն է, որ այդ միջամտությունը կատարել է Ղազախստանի տարածքում, իսկ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն, 4-րդ հոդվածը շատ հստակ ասում է՝ եթե կա որևէ տեսակ ագրեսիա, մի հատ էլ բացահայտում են, թե ագրեսիան որն է, օրինակ՝ «զինված ներխուժում, հարձակում», այդ դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը կարող է դիմել, և դա իրենից ենթադրելու է կոնկրետ անհապաղ գործողություններ, այդ թվում՝ նույնիսկ զինվորական օժանդակությունը: Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս դեպքում տվել են գնահատական, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության դեպքում, այն է՝ ապօրինի ներխուժում: Եթե սա չի ագրեսիան, կներեք, ուրեմն մենք ագրեսիա բառը չգիտենք՝ ինչ է: Մենք երեկ ունեցան հերթական ցավալի դեպքը, երբ երեք զինծառայողներ զոհվել են թշնամու կրակից», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Բա խոսքի արժեքը ո՞ւր մնաց», - հայտարարում է Վարդևանյանը՝ դիտարկելով չդիմելու սցենարը, - «կներեք էլի, այսինքն մեր պաշտոնյաները ավելի սրտացավ են ղազախ բնակիչների կամ Ղազախստանի սահմանադրական կարգի նկատմամբ, քան Հայաստանի Հանրապետության պետականության, տարածքների անձեռնմխելիության և հայ մարդու կյանքի նկատմա՞մբ»:

Կա ՀԱՊԿ-ին դիմելու պաշտոնական գործընթաց, թե՝ ոչ, գերատեսչություններից հնարավոր չեղավ ճշտել, թե՛ ԱԳՆ-ն, թե՛ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարները հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Ռազմական գործողությունները «լոկալ» բնույթի էին

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից», ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի համար ընդդիմադիրների առաջարկությունն ընդունելի չէ, որևէ կառույցի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կարիքը չի տեսնում։ Երեկվա ռազմական գործողությունները, որոնց ընթացքում, ըստ Պաշտպանության նախարարության, երեք զինվոր զոհվեց, ադրբեջանցիներն էլ ԱԹՍ-ներ դրեցին գործի, Խաչատրյանի խոսքով, «լոկալ» բնույթի էին։

«ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն, ըստ ինձ, կլինի այն դեպքում, երբ այնպիսի ագրեսիա կլինի, որի դեպքում երկրի զինված ուժերը ի զորու չեն լինի: Նման լոկալ միջադեպին, երեկ տեղի ունեցած, հայկական զինված ուժերը բավականին համարժեք, մեղմ ասած, արձագանք են տվել», - ասաց Խաչատրյանը:

ՀԱՊԿ-ը ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում չարձագանքեց, այլև Հայաստանից պաշտոնական դիմումի պայմաններում՝ անցած տարվա մայիսին Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման օրերին։ Միայն ընդհանրական հայտարարություններ եղան, թե ուշադիր հետևում են իրավիճակին։

Հավաքական անվտանգության խորհրդում այդ ժամանակ Տաջիկստանն էր նախագահում, հիմա՝ հենց Հայաստանը։

Իսկ մայիսից իրավիճակ չի փոխվել, հիշեցրեցինք Խաչատրյանին, Հայաստանի վարչապետը անգամ հայտարարել է 41 քառակուսի կիլոմետր հայկական տարածք օկուպացնելու մասին։

«Ոչ, մայիսին և հիմա նույնը չէ, մայիսին կար ագրեսիա կոնկրետ, ակտիվ գործողություններ և վտանգ կար, որ կարող է ծավալվել պատերազմական գործողություններ, այս պահի դրությամբ պասիվ իրավիճակ է: Խնդիրն այժմ փորձ է արվում լուծել դիվանագիտական ճանապարհով», - արձագանքեց Արմեն Խաչատրյանը:

Սոչիում անցած տարեվերջին կայացած՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից հետո ընդունված եռակողմ հայտարարությամբ էր ամրագրվել, թե պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Իսկ Փաշինյան-Ալիև բրյուսելյան դեմ առ դեմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել էր, թե հնարավոր միջադեպերը կանխելու համար իր միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապ է հաստատվել։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ կապը գործում է, իսկ պարբերաբար հայտարարված, բայց չհաստատված խաղաղությունը խախտելու համար մեղքի սլաքն ուղղում է Ադրբեջանի կողմը։

«Ազատության» հարցին՝ այդպե՞ս երեկվա միջադեպը կանխվեց, Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ում հետ ինչ կապ և ինչ միջամտություն էր, բայց, իհարկե, ցանկացած դեպքում այդ կապը գործի է դրվում և փորձվում է դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել, ոչ թե ռազմական էսկալացիայի տանել»:

Հայաստանի իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, որ Ադրբեջանը կամ Թուրքիան խաղաղության կգնան. Աբրահամյան

«Եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ադրբեջանը կամ Թուրքիան խաղաղության կգնան, սխալվում են»,- կարծում է ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով բանակցությունները ։

«Բավականին մեծ հաճոյախոսություն կանեմ, եթե նշեմ, որ այս իշխանությունում գտնվող որոշում կայացնողները անլուրջ մարդիկ են և ի վիճակի չեն տեր կանգնելու գոնե այն հայտարարություններին, որոնք որևէ ձևով հնչեցրել են: Իրականության մեջ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի հետ գոնե այս փուլում նորմալ հարաբերություններ կարգավորելու հնարավորություն չկա», - ասաց Աբրահամյանը:

ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտություն կա, թե՝ ոչ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն ձեռնպահ մնաց կոնկրետ պատասխան տալ, ասաց՝ դրա համար պետք է գնահատել սպառնալիքները, իսկ շատ հարցեր, օրինակ, կա՞ն արդյոք ադրբեջանական հատվածում զորքի կուտակումներ, պարզ չեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG