Մատչելիության հղումներ

Սահմանին կրկին լարված է. հայկական կողմը հայտնում է երկու, ադրբեջանականը` մեկ զոհի մասին


Այսօր կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ հայկական կողմի երկու զոհ ունի` ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Այսօր ավելի վաղ ռազմական գերատեսչությունը փոխանցել էր, որ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանային միջոցներ ու անօդաչու թռչող սարքեր: 5.15-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ ՊՆ-ի, կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակն այդ ժամանակ դադարել էր, ապա վերսկսվել 17.30-ին:

Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին` ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն, ըստ այդ երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի հետևանքով է զոհվել։

Վարդենիսի տարածաշրջանի սահմանային հատվածներն են այսօր կրակի տակ հայտնվել, Վերին Շորժայից բացի, նաև Նորաբակում է իրավիճակը լարված, տեղեկացրեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը. «Այս պահի դրությամբ Նորաբակում է շատ լարված, կրակոցներն ինտենսիվ շարունակվում են, Շորժայի կողմում կեսօրից է սկսվել, իսկ Նորաբակում` ավելի ուշ»:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր առավոտյան խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ արձագանքել էր Հայաստանի ու Արցախի սահմանններին պարբերաբար գրանցվող միջադեպերին. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ, և ինձ համար ընկալելի են, որ կարող է լինեն կրակոցներ»:

Այսպիսի մթնոլորտում խաղաղության դարաշրջանի բացման վերաբերյալ խոսակցությունները համարում է տեղին. «Դուք պատերազմող երկիր տեսե՞լ եք, որը խաղաղության մասին չի խոսում, բոլորն էլ խոսում են»:

XS
SM
MD
LG