Մատչելիության հղումներ

«Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք»․ Թաթոյանը՝ հայելային հետքաշման առաջարկի մասին


Մարդկանց իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որը պետք է հիմնավորել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ քննադատելով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը։

Երեկ օրվա երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից երեք, ադրբեջանական կողմից՝ մեկ զինծառայող է զոհվել, կան նաև վիրավորներ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, միևնույն ժամանակ նշելով, որ «իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը»։

«Սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է», - հայտարարեց Թաթոյանը՝ հարցադրումով․ - «Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով, մեր քաղաքացիները չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Հետևաբար այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները»։

Պաշտպանը նկատեց՝ ադրբեջանական կողմից քաղաքացիական բնակավայր ընդհանրապես չկան։

Թաթոյանը կոչ արեց՝ ռազմական ու քաղաքական պաշտոնյաներին՝ դադարեցնել սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

«Բավական է, չի կարելի ռազմական ու քաղաքական տեսանկյունից բացառապես այս հարցերին մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը: Եթե մենք շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից։ Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով», - ասաց օմբուդսմենը։

XS
SM
MD
LG