Մատչելիության հղումներ

Ժնևում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության շուրջ բանակցությունների առաջին փուլը


Ժնևում այսօր կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության շուրջ բանակցությունների առաջին փուլը: Կողմերը քննարկում են ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու` Մոսկվայի պահանջները և Ուկրաինայի սահմաններում ռուսական զորքերի կենտրոնացման կապակցությամբ Արևմուտքի մտահոգությունը:

Ժնևի հանդիպումն անվտանգության հարցերի շուրջ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև մոտ ժամանակներս պլանավորված երեք բանակցություններից առաջինն է: Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին` Վիեննայում ԵԱՀԿ շրջանակներում բանակցություններ:

Ժնևյան բանակցութուններին զուգահեռ Բրյուսելում այսօր կայացել է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հերթական անգամ հայտարարել է` ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և պաշտպանվելու իրավունքին:

«ՆԱՏՕ անդամ դաշնակիցները միասնական են այն հարցում, որ ցանկացած երկիր իրավասու է ընտրելու, թե որ միության մաս կազմել, սա տասնամյակներ շարունակ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքներից է», - հավելել է նա:

Ժնևում մեկնարկած բանակցություններին Միացյալ Նահանգները ներկայացնում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, Ռուսաստանը` փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ռուսական կողմը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքների մասին Ռյաբկովը լրագրողներին կպատմի առաջիկա ժամերին։

Կողմերի նախնական կոնսուլտացիաները կայացել են արդեն երեկ` կիրակի երեկոյան աշխատանքային ընթրիքի շրջանակներում:

Ռուսական կողմը Ժնև Է ժամանել հստակ դիրքորոշմամբ, ընդգծել էր երեկ Ռյաբկովը` հավելելով, թե այդ դիրքորոշումը պարզ է, և Մոսկվայի ձևակերպած պահանջներից շեղումն ուղղակի անհնար է։ Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը փոխզիջման գնալ, ռուս դիվանագետը պատասխանել էր, թե փոխզիջում ամերիկյան կողմից է ակնկալում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը ABC հեռուստաալիքին հայտարարել է, որ որևէ բեկում չի ակնկալում Ժնևում կամ Բրյուսելում կայանալիք բանակցություններում` միաժամանակ շեշտելով․ «Այժմ հարցն այսպես է դրված` կգնա արդյոք նախագահ Պուտինը դիվանագիտության և երկխոսության ճանապարհով, թե՞ կընտրի առճակատման ճանապարհը»:

ԱՄՆ պետքարտուղարը հերթական անգամ շեշտել է նաև, որ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը շատ լուրջ, աննախադեպ կոշտ պատասխան կստանա:

Փորձագետները նույնպես բանակցություններից բեկում չեն ակնկալում

ԱՄՆ-ի դաշնակիցները բազմիցս ասել են, որ չեն կարող երաշխավորել, թե ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք` պնդելով, որ դաշինքին անդամակցության հարցը կարող են որոշել միայն նրա անդամները և թեկնածու երկրները։ Միացյալ Նահանգները նաև Ռուսաստանին սպառնում է լուրջ պատժամիջոցներով Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Ամերիկյան լրատվամիջոցներն էլ պարբերաբար ներկայացնում են հնարավոր պատժամիջոցների ցանկը։

Այդուամենայնիվ, այսօրվա բանակցությունները Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների լուրջ վատթարացման շրջանից հետո երկխոսության աշխուժացման առաջին քայլ է: Բանակցությունների շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել էին դեռևս դեկտեմբերի վերջին, մինչև Ղազախստանում տեղի ունեցած դեպքերը, և հիմնականը բանակցությունների օրակարգում Ուկրաինան էր: Այսօր, իհարկե, օրակարգում է նաև Ղազախստանը և այդ երկրում ՀԱՊԿ ստորաբաժանումների հարցը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։

Ռուսաստանը այդ կասկածները հերքել է բազմիցս և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ Ռուսաստանին առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

XS
SM
MD
LG