ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։ Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը։
«Մենք մանրամասն համաձայնեցրել ենք Ուկրաինայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ձևաչափերով բանակցությունների նախօրեին, քննարկել ենք երկկողմ օրակարգը»,- գրել է Կուլեբան։
Նա հավելել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բլինքենի նախաձեռնությամբ և կայացել է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարեց ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո և հաղորդեց լավ լուր՝ դաշինքում Ուկրաինայի հետ համերաշխություն է տիրում»,- նշել է այդ երկրի արտգործնախարարը։