ՆԱՏՕ-ն առաջարկել է Մոսկվային`անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումներն անցկացնել հունվարի 12 ին՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Մոսկվան դեռ չի արձագանքել։
Նման ձևաչափով քննարկումներ Մոսկվայի և Բրյուսելի միջև չեն եղել վերջին երկուսուկես տարում։ Բրյուսելը, փաստորեն, առաջարկում է Մոսկվային՝ վերականգնել այն և քննարկել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառող փասատթղթի մասին Ռուսաստանի պահանջը։
Ընդորում՝ առաջինը, որ նման քննարկում ՆԱՏՕ-ն առաջարկում է Մոսկվային կազմակերպել հունվարի 12-ին, հայտնել էր թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն իրավական ուժ ունեցող երաշխիքներ տա առ այն, որ դաշինքն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք հետխորհրդային երկրների հաշվին, Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
Դաշինքը և Միացյալ Նահանգներն ասում են, թե Մոսվկան չի կարող թելադրել ՆԱՏՕ-ին՝ ինչ քաղաքականություն վարել, սակայն միևնույն ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Մոսկվայի հետ անվտանգության երաշխիքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին օրերին պարբերաբար հայտարարում է, թե Մոսկվայի պահանջը արդար է և բխում է երկրի անվտանգության շահերից։
«Մեր նպատակներից մեկն է՝ հասնել պայմանավորվածությունների, որոնք և՛ այսօր, և՛ երկարաժամկետ կտրվածքով, կապահովեն Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը», - կիրակի օրը հայտարարել է Պուտինը և հավելել՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը մերժի Մոսկվայի պահանջը, պատասխանը կլինի ռազմատեխնիկական։
Ռուսաստանի նախագահը չի մանրամասնել, թե ինչ ռազմատեխնիկական պատասխանի մասին է խոսքը, միայն հավելել է․ - «Որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկեն ինձ մեր ռազմական մասնագետները»։
Ի դեպ, ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ այս առճակատմանը Մոսկվան մենակ չի գործելու, այլ խորհրդակցելու է իր դաշնակիցների, մասնավորապես՝ հետխորհրդային և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։
Հետխորհրդային երկրներից և ոչ մեկի ղեկավարը, բացառությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, չի հայտարարել, որ այս հարցում աջակցում է Մոսկվային։ Լուկաշենկոյին, սակայն, Արևմուտքը լեգիտիմ նախագահ չի համարում։
Ամեն դեպքում, ՆԱՏՕ-Ռուսաստան այս կոշտ քաղաքական առճակատումն, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է վաղ՝ դեկտեբերի 28-ին Սանկտ- Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ ֆորալ գագաթաժողովին, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը։