Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կիբերհանցագործությունների դեմ պայքարի համատեղ վարժանքներ կանցկացնեն


Արդեն մի քանի շաբաթից Հյուսիսատլանտյան դաշինքն ու ուկրաինական ուժային կառույցները կիբերհանցագործությունների դեմ պայքարի համատեղ վարժանքներ կանցկացնեն։ Այս մասին նախօրեին հայտարարեց Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գծով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

«Մենք ակնկալում ենք, որ արդեն 2022 թվականի սկզբին կկայանան կիբերհանցագործությունների դեմ պայքարին նվիրված ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքները։ Դրանք առաջին անգամ կանցկացվեն Ուկրաինայի տարածքում՝ անմիջականորեն Կիևում», - հայտարարում էր Ստեֆանիշինան։

Ուկրաինայի փոխվարչապետի այս հայտարարությունը հնչեց նույն օրը, երբ ամերիկյան The New York Times պարբերականը տեղեկացրեց, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարում մասնագիտացած ամերիկյան և բրիտանական հատուկ խմբեր արդեն իսկ Ուկրաինայում են։ Թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը մասնագետներ են ուղարկել Կիև, քանի որ ուկրաինական ենթակառույցները Ռուսաստանի կողմից իրականացվող կիբերհարձակումների գրեթե մշտական թիրախում են։ «Վերջին մեկ ամսում, սակայն, այդ հարձակումների թիվը մեծացել է», - գրում է ամերիկյան պարբերականը՝ մեջբերելով փորձագետների տեսակետը, ըստ որի՝ այդ հարձակումները որոշակի անուշադրության են մատնվում, քանի որ արևմտյան հասարակական կարծիքն այս օրերին հիմնականում հետևում է Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակմանը։ Իրականում, մինչդեռ, ըստ ամերիկացի մի շարք մասնագետների, Մոսկվայի կողմից կիրառվող մարտավարությունում կիբերհարձակումներն այնքան էլ երկրորդական դերակատարություն չունեն։

«Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է փորձել հաքերների օգնությամբ այնպիսի տպավորություն ստեղծել, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկին զուրկ է կառավարման հմտություններից և անպաշտպան է ։Բացի այդ, կիբերհարձակումների միջոցով Ռուսաստանը կարող է իրական հարձակման պատրվակ ստեղծել», - նշում է The New York Times-ը։

Թերթը նաև հիշեցնում է, որ ուկրաինական ենթակառույցների դեմ հաքերային հարձակումներ նախկինում ևս եղել են, և ամեն անգամ դա համընկել է ամանորյա տոների հետ։ «2015-ին հաքերային հարձակման հետևանքով հոսանքազրկվեց Ուկրաինայի տարածքի զգալի մասը։ Հաջորդ տարի նույնը տեղի ունեցավ արդեն մայրաքաղաք Կիևին հարակից շրջաններում», - հիշեցնում է թերթը:

The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, նաև գրում է, որ Կրեմլում Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա, քանի որ Ռուսաստանի իշխանությունները լավ են հասկանում՝ հարձակմանն անխուսափելիորեն հետևելու են արևմտյան պատժամիջոցները։ Նման պարագայում կիբերհարձակումներն օպտիմալ տարբերակ են։

«Կիբերհարձակումները կարող են անպատիժ մնալ, քանի որ Ռուսաստանը կտրականապես կհերքի, թե որևէ առնչություն ունի դրանց», - գրում է The New York Times-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG