Թուրքիան չի կարող անտեսել իր սերտ հարաբերությունները Ուկրաինայի հետ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների ունի: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հեռավար ձևաչափով անցկացվող Անվտանգության միջազգային ակադեմիայի փակման նիստի ժամանակ:
Խոսելով վերջին շրջանում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ հակամարտությունը վտանգավոր աստիճանի է հասել. - «Եթե մենք Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերություններ ունենք, ապա դա չի նշանակում, որ կարող ենք հաշվի չառնել մեր սկզբունքներն ու Ուկրաինայի հետ մեր սերտ կապերը: Նմանօրինակ բազմաթիվ բարդ հավասարումների մեջ ժամանակի մարտահրավերներին և ազգային անվտանգության շահերին համապատասխան քայլեր ենք անում: Սա բարդ գործ է, սակայն դիվանագիտությունը հենց սրա համար է»:
Չավուշօղլուի հայտարարություններին արձագանքել է Կլեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Թուրքիան կարող էր Ուկրաինայի հարցով խորհրդատվական դեր ունենալ ԱՄՆ-ի համար:
«Խնդիրները Մոսկվայի և Կիևի միջև չեն: Խնդիրներ կան ԱՄՆ-ի, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Հետևաբար այս հարցում ամերիկացիները կխորհրդակցեն նաև Թուրքիայի հետ: Չէ որ նրանք դաշնակիցներ են», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Թուրքիան դերակատարություն ունենա ճգնաժամի հաղթահարման գործում:
Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն: Դաշինքի անդամ որոշ երկրներ մտահոգված են և պատրաստ են դրական ներդրում ունենալ գործընթացում:
Վերջին շաբաթներին արևմտյան մայրաքաղաքներում և Կիևում հնչում են պնդումներ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման վտանգի մասին: Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանը որևէ երկրի չի սպառնում և այդօրինակ մեկնաբանություններն անվանել է «լարվածությունը սրելուն ուղղված դատարկ ու ոչ արժանահավատ տեղեկատվություն»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպայում լարվածության մեղավորը ԱՄՆ է: Նա նշել էր, թե ՆԱՏՕ-ն ռազմական ենթակառուցվածքներ է տեղակայում Ռուսաստանի սահմանների երկայնքով, և եթե Արևմուտքն «իր այս ագրեսիվ գիծը շարունակի», Ռուսաստանը համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի։ Ռուսական կողմը Արևմուտքից անվտանգության երաշխիքներ է ակնկալում:
Նախօրեին Ռուսաստանի նախագահը կարծիք էր հայտնել, թե Արևմուտքը կընդունի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու ռուսական պահանջը և այս հարցով բանակցություններ կսկսի:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև աշխարհաքաղաքական այս զարգացումներում Հյուսիսատլանտյան դաշինքի ապագային: Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեծությամբ երկրորդ բանակը ունի և դաշինքի առաքելություններում ամենից շատ ներդրում ունեցող 5-րդ երկիրն է համարվում: Չավուշօղլուն արձանագրել է, որ ՆԱՏՕ-ն վերափոխվում է՝ փորձելով հարմարվել նոր իրավիճակին: Թուրք նախարարը համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պետք է մնա որպես եվրաատլանտյան անվտանգության հիմնական տարր:
Նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն էր հայտնել միջնորդական դեր ստանձնելու Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման գործում: Նա առաջարկել էր Դոնբասի հարցով եռակողմ համաժողով անցկացնել կողմերի միջև լարվածության թուլացման համար: Մոսկվան ողջունել էր Անկարայի պատրաստակամությունը: