Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը խորանում է, Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին


ՌԴ նախագահը, արխիվ
ՌԴ նախագահը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Եվրոպայում լարվածության մեղավորը Միացյալ Նահանգներն է: Նա հավելել է, թե ՆԱՏՕ-ն ռազմական ենթակառուցվածքներ է տեղակայում Ռուսաստանի սահմանների երկայնքով, և եթե Արևմուտքն «իր այս ագրեսիվ գիծը շարունակի», Ռուսաստանը համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի։

Թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահը չի մանրամասնել։ Միաժամանակ նա պնդել է, որ երաշխիքների ռուսական պահանջը վերջնագիր չէ, սակայն արևմտյան երկրները շուտով պետք է «հստակ պատասխան» տան դրանց։

«Զինված հակամարտությունները, արյունահեղությունները մեր ընտրությունը չեն, մենք ցանկանում ենք հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Սակայն մենք ուզում ենք ունենալ մեր անվտանգության իրավական հիմքով հստակ երաշխիքներ»,- ասել է Պուտինը։

Թե ինչ կանի Ռուսաստանը, եթե Արևմուտքը չընդունի ռուսական առաջարկները կամ արագ չարձագանքի դրանց, պաշտոնական Մոսկվան չի ասում։ Փոխարենը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ռազմական համագործակցությունը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար` հավելելով, որ Դոնբասի հակամարտության գոտում, իբր, գտնվում են որոշակի ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկներ, որոնք, Շոյգուի խոսքով, Դոնբասում «քիմիական բաղադրիչներով» սադրանք են պատրաստում։

Վաշինգտոնը և նրա դաշնակիցներն անպատասխան չեն թողնի Ուկրաինա ռուսական ներխուժումը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հայտարարում է` ռուսական հնարավոր ագրեսիային Արևմուտքը չափազանց կոշտ պատասխան կտա: Վաշինգտոնը և նրա դաշնակիցներն անպատասխան չեն թողնի Ուկրաինա ռուսական ներխուժումը, եթե այդպիսին լինի, Настоящее Время-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։

«Պատասխանը կլինի համապարփակ, իհարկե, կլինեն տնտեսական միջոցառումներ, բայց վստահ եմ, որ կլինեն քաղաքական, դիվանագիտական, հնարավոր է, նաև ռազմական հետևանքներ», - ասել է նա:

Ամերիկացի դիվանագետի խոսքով` Միացյալ Նահանգների բոլոր դաշնակիցները կիսում են մտահոգությունները և ցանկանում են Մոսկվային հասկացնել, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում հետևանքներն աննախադեպ կլինեն։ Վաշինգտոնը պարբերաբար հայտարարում է, որ այս անգամ թույլ չի տա Ղրիմի բռնակցման սցենարի կրկնությունը, երբ Արևմուտքը պարզապես անակնկալի էր եկել։ Այսօր Արևմուտքը շեշտում է, թե Մոսկվայի քաղաքականության հետևանքով Եվրոպայի անվտանգության մեջ «հիմնարար ճեղք» է առաջացել. «Սա հիմնական նորմերի խախտում է, հենց այս նորմերի` պետությունների անկախության, սահմանների անձեռնմխելիության վրա է հիմնված միջազգային կարգը»։

Սրա հետ մեկտեղ Քարփենթերը պնդել է, թե «ՆԱՏՕ-ն արևելյան թևում միջուկային զենք տեղադրելու ոչ մի ծրագիր և մտադրություն չունի»: Ավելի վաղ նման հնարավորության մասին խոսել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին Ռուսաստանին առաջարկել է միջուկային զենք տեղադրել Բելառուսի տարածքում, եթե ՆԱՏՕ-ն նման քայլ կատարի Լեհաստանում։

Նոյեմբերից արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով հետախուզության տվյալներին, սկսեցին արձանագրել ռուսական զորքերի կուտակումներ Ուկրաինայի սահմանների մոտ։ Միաժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինը ներխուժելու որոշում դեռ չի կայացրել։ Երեկ էլ CNN-ը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմին չորս շաբաթ է տվել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը կանխելու համար:

Ռուսաստանը հետխորհրդային տարածքում դաշնակիցների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները. Պեսկով

Կրեմլը, մինչդեռ, Ուկրաինայում ռազմական գործողությունների նախապատրաստման մասին հաղորդագրություններն անվանում է դատարկ ու անհիմն և փոխարենը Ուկրաինային և Արևմուտքին մեղադրում էսկալացիայի մեջ։ Այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը հետխորհրդային տարածքում իր դաշնակիցների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Պեսկովն ընդգծել է, որ նախկին Խորհրդային Միության տարածքի երկրների մեծ մասի հետ ռուսական կողմը կապված է դաշնակցային պարտավորություններով ՀԱՊԿ-ի և այլ կառույցների շրջանակներում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է արձագանքել, եթե ՆԱՏՕ-ի երկրներն իր սահմանների մոտ զենք տեղակայեն։ Պեսկովն ասել էր, որ ՆԱՏՕ-ի գործողությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել, ինչի կապակցությամբ Ռուսաստանը դիտարկում է պատասխանի տարբեր տարբերակներ։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է որոշեն միայն Կիևը և դաշինքը. Փսակի

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին «համաձայնագրերի նախագծերը»։ Դրանցում Ռուսաստանը նախապայման է առաջ քաշում՝ բացառել ՆԱՏՕ-ի դեպի արևելք էլ ավելի ընդլայնումը և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին։ Ընդ որում, Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության մասին որոշում դաշինքն ընդունել էր 2008 -ին, այդ երկրների անդամակցության ժամկետների մասին հստակություն չկա։

Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն Մոսկվայի այսպես ասած` վերջնաժամկետին հակադարձում են` նշելով, թե Ռուսաստանը չպետք է թելադրի` ինչ քաղաքականություն որդեգրի կառույցը։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է որոշեն միայն Կիևը և Հյուսիսատլանտյան դաշինքը, այսօր հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG