Մատչելիության հղումներ

Արցախում չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Հարությունյանն արձագանքում է Փաշինյանին, վերջինս` պարզաբանում


Միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է», - իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հարությունյանը` շարունակելով, թե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման նպատակը «մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն»:

«Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ: Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման», - շեշտել է նա:

Հայաստանի վարչապետը իր վերջին ասուլիսում ասել էր, թե երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա չի ասում, որ «իր բանակցություններն այն մասին էին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար»։

«Դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա», - նշել էր Հայաստանի ղեկավարը:

Իսկ Արցախի նախագահն այսօր գրել է, որ «բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն»:

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա նրա խոսքով` շարունակելու են ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով:

«Բոլոր իշխանությունները ժամանակավոր են», - գրել է Արայիկ Հարությունյանը` շեշտելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները:

«Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության», - հավաստիացրել է նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է քննադատություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին արձագանքել է իր այդ և հակամարտության թեմայով արված այլ հայտարարություններին, նախ հիշեցրել, որ խոսել է իր վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության մասին, և մեկնաբանությունը տարակուսելի իր համար:

«Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։

Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական և պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետև ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձևերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս», - նշել է վարչապետը։

Շարունակելով գրառումը` նա շեշտել է, թե այս և մի քանի այլ կարևոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով է ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին` իր վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։

«Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը։ Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։ Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետևանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG