Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքագետի, Արցախի հարցի լուծմանը զուգահեռ կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները


Արցախի հարցի լուծմանը զուգահեռ կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

«Իմ կարծիքով, ամենասկզբունքային խոչընդոտը միշտ եղել է Արցախի հարցը», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե Անկարան չի՞ վիժեցնի այս գործընթացը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանը Արցախը չվերադարձրեց ամբողջությամբ, քաղաքագետը պատասխանեց․ - « Իսկ Անկարան ինչո՞ւ պիտի վիժեցնի դա։ Կան տեսակետներ, որ Անկարայի հավակնություններն ավելի հեռուն գնացող են Հայաստանի հետ կապված, քան զուտ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստն է։ Բայց ես չեմ կարծում, որ Անկարայում ինչ-որ լուրջ օպերատիվ նպատակներ կա Հայաստանը օկուպացնելու, կամ Հայաստանի վրա հարձակվելու, որովհետև բոլորին էլ հասկանալի է, թե դա ինչի կհանգեցնի, և էդտեղ գործը միայն Հայաստանի հետ չի լինի, վստահաբար»։

Ըստ Գրիգորյանի՝ թուրքական դիվանագիտական ու քաղաքական էլիտայի շրջանում համարում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է նորմալացնել, եթե այս խոչընդոտները վերանան։

«Եվ այնտեղ շահագրգռությունն է, որ Հայաստանը պահպանի իր սուվերենությունը, որ Հայաստանն անընդհատ իրեն չզգա որպես ծանր, Էքզիստենցիալ սպառնալիքի տակ գտնվող երկիր, հետևաբար պատրաստ լինի դառնալու ռուսական կայազոր։ Ես կարծում եմ, որ եթե նշված հարցերը լուծվեն, դա պատճառաբանություն չի Անկարայի համար հարաբերությունները չնորմալացնելու և նոր պատճառների փնտրտուքով չեն զբաղվելու։ Եթե այս հարցերը լուծվեն, ինձ թվում է, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են», - ասաց քաղաքագետը։

Երևանն ու Անկարան օրերս հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք բանագնացների նշանակմանը զուգահեռ Թուրքիան հայտարարեց նաև Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին։

Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG