Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը մերժել է իրենց հետ փակ հանդիպում անցկացնելու Փաշինյանի առաջարկը


Իսկ բանակցությունների վերաբերյալ բաց ձևաչափով հանդիպում անցկացնելն անընդունելի է իշխանությունների համար։ 

Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց հետ փակ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկը։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ պատճառաբանում են՝ Նիկոլ Փաշինյանի հետ նման ձևաչափով հանդիպումներ են ունեցել պատերազմի օրերին։ Եվ այդ հանդիպումները մինչև այսօր, ըստ ընդդիմադիրների, մանիպուլացվում ու խեղաթյուրվում են վարչապետի կողմից։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չի բացառում` իշխանությունը փակ հանդիպման առաջարկով փորձում է նաև իրենց ուսերին դնել հնարավոր նոր գործընթացների պատասխանատվությունը. - «Մեր քաղաքական թիմի և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախկինում էլ, 2020 թվականի հոկտեմբերին փակ հանդիպումներ են ունեցել, և այդ փակ հանդիպումները մանիպուլացվել են՝ փորձելով պատասխանատվության մի մասը նաև դնել այդ քաղաքական ուժերի վրա։ Եվ այդ առումով, որպեսզի չմանիպուլացվի հանդիպման հիմնական ուղղությունները, մենք ասել ենք, որ բաց հանդիպման ենք կողմ»։

Մինչդեռ բանակցությունների վերաբերյալ բաց ձևաչափով հանդիպում անցկացնելն էլ իշխանությունների համար է անընդունելի։

Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան

Իշխանականներն էլ բաց քննարկումն են անընդունելի համարում։ Արձագանքելով «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների դիրքորոշմանը` Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքում գրել է` յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ լինում է բաց քննարկում` հարց֊պատասխանի ֆորմատով: Իշխող խմբակցության ներկայացուցիչը պնդում է`այդ ձևաչափով բանակցային գործընթացի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել. - «Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին, ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին։ Ինչպես միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին, ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից», - ասված է հայտարարության մեջ։

Օհանյանն հակադարձում է՝ Ազգային ժողով - կառավարություն հարուցպատասխանի ժամանակ ընդդիմադիրների հարցերին լիարժեք պատասխան չի տրվում, բացի այդ, ասում է՝ իրենք այս փուլում իշխանությունից ոչ թե պետական կամ ռազմական գաղտնիքի հրապարակում են ուզում, այլ ցանկանում են փարատել հանրության մտավախությունները խաղաղության, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացների վերաբերյալ. - «Այդ առումով ես գտնում եմ, որ այդպիսի փակ հանդիպումները պետք է հաջորդեն բաց հանդիպումներին։ Եթե ինչ-որ մի բան մնա գաղտնի ներկայացնելու, ապա գաղտնի ներկայացնելու իրենք հնարավորություններ կունենան»։

Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացումների վերաբերյալ ընդդիմադիրները ամիսներ շարունակ հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, նաև վարչապետի հետ: Սակայն իշխանությունը կա'մ մերժում էր այդ առաջարկները, կա'մ քաղաքական դեմքերի փոխարեն զինվորականներն էին ներկայանում խորհրդարան, հիշեցնում է Օհանյանը։ Ասում է՝ հիմա կառավարությունը ցանկանում է իր օրակարգն առաջ տանել. - «Դառնում է այն, որ խորհրդրանը, որը խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական վերահսկողության գործառույթներ ունի, չի կարողացել իրականացնել գործադիրի նկատմամբ։ Հիմա իրենք են առաջարկություն անում, իրենք են թելադրում օրակարգը։ Այդպես չի կարող լինել»։

Հոկտեմբերին խորհրդարան - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը ընդդիմախոսներին հրավիրեց փակ հանդիպման, «Պատիվ ունեմ»-ից արձագանքեցին, որ դեմ են նման ձևաչափով հանդիպմանը և կքննարկեն միայն Փաշինյանի պաշտոնանկության հարցը: «Հայաստան» խմբակցությունը ևս հրաժարվել էր առաջարկից:

Վերջին անգամ հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը դռնփակ հանդիպման են նստել մեկ տարի առաջ`ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին:

XS
SM
MD
LG