Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում. այդ տարի կողմերին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել։
Ավելի քան երկու ժամ տևած առցանց ասուլիսում վարչապետը նաև նշեց, որ 2016-ին առաջարկված փաստաթղթերով՝ Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում։
«Էստեղ լուծվելու էր մի հարց, որ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լինելն, ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը որ երկրի մաս է կազմում։ Երբ որ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, ինչո՞ւ, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ասել է հետևյալը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը», - հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-ին իշխանության գալով իրենք հենց այսպիսի բանակցային ժառանգություն են ստացել։ Ըստ վարչապետի՝ հայկական կողմը բանակցությունների ողջ ընթացքում արել է ամենը, որ հարցի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում լինի։
«Դիվանագիտական ամենամեծ հաջողություններից մեկը համարվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվեց և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, մնացած միջազգային կառույցները, ըստ էության, մեկուսացվեցին հարցից, և մեկ էլ բանակցային գործընթացում՝ 2016 թվականին, հարցը նորից կտրտվում է, բաժանվում է մասերի և վերադարձվում է կարգավիճակի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթ», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Վարչապետը մանրամասնեց՝ 2011-ին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթն ու սկսեց մեծ ծավալի ռազմամթերք գնել, հաջորդող տարիներին էլ ռազմական էսկալացիայի առաջին նշույլներն իր հայտ եկան և 2016-ի հունվարին՝ ապրիլյան պատերազմից առաջ միջնորդները կարգավորման նոր փաթեթ ներկայացրին, առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի, առաջարկը Հայաստանը մերժեց, ինչից ամիսներ անց պատերազմ սկսվեց։
«Պատերազմից հետո՝ հուլիսին ըստ էության նույն առաջարկը ներկայացվում է, հայկական կողմը մերժում է նաև այս առաջարկը։ 2016 թվականի օգոստոսին արդեն ներկայացվում է այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իմ ասած աղետաբեր և իմ համոզմամբ ու ակնհայտորեն աղետաբեր ձևակերպումը», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պնդմամբ՝ և՛ 2016-ին, և՛ 2020-ին պատերազմը կարելի էր կանխել այդ առաջարկներն ընդունելով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը դեռ չի արձագանքել վարչապետի այս հայտարարություններին։
«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա՝ երկաթգիծը կգործարկվի սահմանային ու մաքսային հսկողությամբ»
Ավելի քան 2 ժամ տևած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Սոչիում ու Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպումներից ու Թուրքիայի հետ սպասվող բանակցություններից։
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն անդրադառնալիս վարչապետը պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա՝ երկաթգիծը կգործարկվի սահմանային ու մաքսային հսկողությամբ։ Ավտոճանապարհի վերաբերյալ, սակայն, համաձայնություն չկա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ պնդել էր՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ առանց մաքսակետերի, ինչին հակադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այդ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար։
Վարչապետը երեկ հայտարարեց՝ չնայած ճանապարհի հարցով առկա հակասություններին՝ լուծման հնարավորություն տեսնում է. «Թե՛ մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց այս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ ու դրա շուրջ բանակցությունների մեկնարկով, և, ըստ էության, Բաքվի հետ այժմ քննարկվող հարցերը նաև խաղաղության պայմանագրի բովանդակությանն են վերաբերվում։ Խաղաղության պայմանագրի կնքման պատրաստակամության մասին պարբերաբար հայտարարում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Փաշինյանն անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը կարևորեց, որ բանագնացը իշխող քաղաքական ուժից է և հայտնեց՝ Ռուբինյանի հետ դիվանագետների թիմ է աշխատելու։