Մատչելիության հղումներ

Մևլութ Չավուշօղլու. «Լարվածությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հասել է վտանգավոր աստիճանի»


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի»:

TRT հեռուստակայանի փոխանցմամբ, Չավուշօղլուն ասել է, թե «միայն հանուն Ռուսաստանի հետ ընդարձակ հարաբերությունների Թուրքիան չի անտեսի սերտ կապերն Ուկրաինայի հետ»:

Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ, Անկարան դիվանագիտական աշխատանքն առաջ է տանում ի հայտ եկող հանգամանքներին և ազգային անվտանգության պահանջներին համապատասխան:

«Դա ծանր աշխատանք է, բայց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունը: Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականության հիմքում երեք գործոններ են՝ ազգային արժեքներն ու շահերը, իրավիճակը տեղերում և երկրի հնարավորությունները»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Վերջին շաբաթներին արևմտյան մայրաքաղաքներում և Կիևում հնչում են պնդումներ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման վտանգի մասին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանը որևէ երկրի չի սպառնում և այդօրինակ մեկնաբանություններն անվանել է «լարվածությունը սրելուն ուղղված դատարկ ու ոչ արժանահավատ տեղեկատվություն»:

Միաժամանակ Պեսկովը չի բացառել, որ «այդ կարգի հայտարարությունները կարող են օգտագործվել սադրիչ գործողություններն արդարացնելու համար, և նախազգուշացրել է, թե «Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանի ճգնաժամն ուժով լուծելու փորձերը կհանգեցնեն ամենալուրջ հետևանքների»:

XS
SM
MD
LG