Մատչելիության հղումներ

«Բրյուսելում կայացած բանակցություններն արդյունավետ և պրագմատիկ էին»․ Ալիև


Դեկտեմբերի 14-ին կայացած բանակցություններն «արդյունավետ և պրագմատիկ էին», չորեքշաբթի օրը Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մոտ հինգ ժամ տևած բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: Քննարկումները վերաբերում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանների սահմանագծմանը և սահմանազատմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես երկաթուղու կառուցմանը, և արդյունքում՝ արդյունավետ և պրագմատիկ էին»,- Ալիևին մեջբերում է պետական Azertac գործակալությունը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է կառուցողական մթնոլորտ՝ ընդգծելով Եվրամիության դերը դրա առաջացման գործում։

Ալիևը հավելել է, որ կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը և, օգտագործելով այն, աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի է ունեցել Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

XS
SM
MD
LG