Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդվում։
Դեկտեմբերի 15-ին էլ տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Բանակցությունները տևել էին ավելի քան չորս ժամ։ Հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ասել էր՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ։
Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:
Հանդիպումն առաջին անգամ անցկացվել է առանց Բելառուսի։ Այն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։
Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:
Գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։ Հայաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: