Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը


Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Հայասատանի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ, Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը Բաքվին է փոխանցել ոչ միայն բոլոր ռազմագերիներին, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիների։ Հրադադարի հաստատումից մեկ տարի անց էլ, սակայն, հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

«Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան»

Անդրադառնալով տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին՝ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան։

Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը, անդրադարձ կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

«Հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում»

Ադրբեջանական կողմն էլ հաղորդում է, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, մի շարք հարցերի թվում լայնորեն քննարկվել է նաև կապի և տրանսպորտային ուղիների բացման հարցը։

Ըստ Ադրբեջանի, հայկական կողմը վերահաստատել է իր տարածքով երկաթգծի կառուցումը և նշել, որ շուտով կսկսի դա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել մաքսային ու սահմանային հսկողության հարցերը՝ փոխադարձության սկզբունքով։

Նախքան եռակողմ հանդիպումը, հիշեցնենք, Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

XS
SM
MD
LG