Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքում ասել է, թե ցանկանում է դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում հանդիպել ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ:
Հանդիպումների առանցքային թեման կլինի ռուս-ուկրաինական հետզհետե սրվող հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր նախատեսված է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովը:
«Ուկրաինայի իրավիճակի շուրջ իմ խորհրդակցությունները կշարունակվեն վաղը ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքում, որի շրջանակում պետք է դեմ առ դեմ հանդիպեմ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ», - ասել է Բլինքենը:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը Ռիգայում նշել է, որ Վաշինգտոնին խիստ մտահոգում են գործողությունները, որոնք Ռուսաստանը կարող է իրականացնել Ուկրաինայի նկատմամբ:
«Մեզ անհանգստացնում են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ծրագրած ագրեսիվ քայլերը, դրանք ներառում են լայնածավալ ռազմական գործողություններ և իրավիճակի քայքայում ներսից», - ասել է Էնթոնի Բլինքենը:
Նա Ուկրաինային կոչ է արել ռուսական կողմի հետ հարաբերություններում զսպվածություն դրսևորել:
«Միացյալ Նահանգներն անշեղորեն հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սատարելու հանձնառությանը և անվտանգության ամրապնդման հարցում Ուկրաինայի հետ գործընկերությանը», - հայտարարել է պետական քարտուղարը:
Երեկ Ռիգայում նա ընդգծել է, որ Ռուսաստանը շատ թանկ գին կվճարի Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում:
«Մենք ռուսական կողմին նկատել ենք տվել, որ ամենայն վճռականությամբ ենք արձագանքելու և տնտեսության բնագավառում իրականացնելու ենք այնպիսի արդյունավետ արտակարգ միջոցներ, որոնցից նախկինում խուսափել ենք», - ասել է Բլինքենը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այդ միջոցների մասին նախապես տեղեկացնելու է Ռուսաստանի Դաշնությանը:
«Այսօր չեմ ուզում կոնկրետացնել, մենք հարկ եղած ժամանակ այդ մասին կհայտնենք ռուսական կողմին, որ նրանք ըմբռնեն, թե ինչ է նշանակում այս սպառնալիքը և ինչ հետևանքներ կլինեն», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը: